20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահվան դեպքով հարուցվել է քրգործ

21

20-ամյա զինծառայող Հրաչ Փիլիպոսյանի մահից 6 օր անց Գլխավոր դատախազությունն տեղեկացնում է, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործը։

Ըստ դատախազության, գործը հարուցվել է դեռ հունիսի 19-ին՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի [Սպանություն] 2-րդ մասի 2-րդ [կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ], 6-րդ [շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով], 7-րդ [մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից], 13-րդ [ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով] կետերի հատկանիշներով:

«Նշանակված է փորձաքննություն, իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործողությունները դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով», — «Ազատությանը» փոխանցել են դատախազությունից:

20-ամյա Հրաչը Ճամբարակի զորամասում էր ծառայում, մարտական հերթափոխի է եղել Վերին Շորժայի սահմանին։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին։ Վարդենիսի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը դեպքից ժամեր անց հայտարարեց՝ զինծառայողը հակառակորդի կրակոցից է զոհվել։ Պաշտպանության նախարարությունը միայն հաստատեց լուրը, որ զինվոր է զոհվել, թե ինչի՞ց, ինչպե՞ս՝ ի՞նչ հանգամանքներում, որևէ տեղեկություն նախարարությունը մինչ այս պահը չի հաղորդել։