Շաքիում ապրող Կարենն Արցախի համար պատերազմելու որոշում հենց առաջին օրն է կայացրել։ Սեպտեմբերի 27-ին գնացել է համայնքապետարան ու տարածքային զինկոմիսարիատ ու կամավորագրվելու պատրաստակամություն հայտնել։
«Բոթը լսել ու մի անգամից եկել էր տուն։ Ասաց՝ Ղարաբաղ պատերազմ է, ես չեմ կարա սուս մնամ, ես պիտի գնամ։ Գնացել էր մեր գյուղապետի մոտ, հետո՝ վայենկոմ։ Իրեն ասել էին՝ սպասի, մի վռազի։ Չէր համաձայնվել, պատասխանել էր՝ ի՞նչ սպասեմ, ընդեղ զոհերը շատ են, պատերազմը առաջ է գալիս, հետ չի գնում, ես չեմ սպասի։ Ոչ էլ ինձ լսեց»,-հիշում է մայրը՝ Գոհար Սարուխանյանը։
Կարեն Իսրայելյանը պատերազմել է Ջրականում, մինչ այդ զորավարժությունների է մասնակցել Սյունիքում։ Մոր ու ընտանիքի մյուս անդամների հետ վերջին անգամ խոսել է Արցախ մեկնելու օրը։
«Գնալուց մի քանի օր հետո աղջկաս ծնունդն էր, զանգեց շնորհավորեց ու ասաց․ «մամային ասեք, որ էլ չեմ կարող զանգել, մեզ Ղարաբաղ են տանում․․․ վերջին անգամ դա էր, որ խոսեցինք հետը, էլ չենք խոսել։ Մի անգամից Ջրական են տարել, ամիս 13-ին տարել էին, 15-ին էլ զոհվել է։ Էլ չենք խոսել․․․»,-ասում է մայրը։
Հոկտեմբերի 17-ին հաջողվել է գտնել Կարենի դին։ Մայրը որդուն բնորոշում է հայրենասեր ու ընկերասեր։ 30-ամյա Կարենը հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։ Այն դրված է Կարենի լուսանկարների կողքին։
«Ինչ էլ որ ստանա․․․Կարենն ուրիշ էր։ Ամեն ինչով տարբերվում է, դա ասենք ոչ թե իմն է, որ ասում եմ, այլ տարբեր էր ամեն ինչով, թե մեծերի, թե ընկերների, թե ընտանիքի անդամների․․․»,- նշում է Գորհար Սարուխանյանը։
Կարենը վերջին 3-4 տարիներին աշխատում է Արցախում։ Դպրոցներ ու բնակարաններ է կառուցել։ Արցախը պաշտպանելու ցանկությունը նաև պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ինքն էր շենացնում այն։
44-օրյա պատերազմը տիկին Գոհարին անասանելի ցավ է պատճառել։ Զոհվել է ոչ միայն փոքր տղան, այլ նաև դստեր՝ ամուսին՝ Գագիկը։ Նա պայմանագրային զինծառայող էր, սերժանտ։ Պատերազմից հետո առ այսօր անհայտ է նաև եղբորորդու՝ Միքայելի գտնվելու վայրը։ Նա պատերազմ էր մեկնել պարտադիր զինծառայությունից վերադառնալուց չորս ամիս անց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: