2020թ. 44-օրյա պատերազմից հետո արցախցիները փորձում են վերագտնել իրենց, վերադառնալ նախկին կյանքին, թեպետ դա շատ դժվար է: Դժվար է հատկապես նրանց համար, որոնք հարկադրաբար թողել են իրենց տները Շուշիում եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ բնակավայրերում եւ հաստատվել են Ստեփանակերտում ու հարակից գյուղերում: Դժվար է բոլոր նրանց համար, ովքեր հիշում են, թե ինչպես, քանի զոհ են տվել իրենց ընտանիքից արցախյան առաջին պատերազմի ժամանակ, քանիսին` 44-օրյա պատերազմի ժամանակ:
«ռեԱրմենիա » համագործակցության հարթակի կողմից հունիսի 18-19-ը կազմակերպված դեպի Արցախ մեդիա արշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում արցախցիները բավականին զուսպ էին, շատերը խուսափում էին խոսել, քանի որ դեռ չէին հաղթահարել կորստյան ցավը:
«Ի՞նչ ասեմ, Շուշիում էի ապրում, հիմա` Ստեփանակերտում »,- մեր հարցերին արձագանքեց մի կին եւ արագ հեռացավ:
Համլետ Սարգսյանն ասում է, որ մինչեւ վերջին օրը մնացել են հայրենի Սղնախ գյուղում, հոկտեմբերի 27-ին գյուղը հանձնել են: Հետո ամեն ինչ թողել-հեռացել են: Համլետն ասում է, որ ԱԹՍ-ն հարվածել է, իրեն բերել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրահատել են ոտքերը, լավ են վերաբերվել, սակայն հետո նրան օգնություն չեն ցուցաբերել, իր հաշվին տասն օր մնացել է Երեւանի հյուրանոցներից մեկում, հետո վերադարձել Արցախ: Ասում է, որ ինքը քանի տեղից վիրավորվել է, սակայն հաշմանդամության կարգ չեն տալիս, պատճառաբանել են, թե իր նման վիրավորներ շատ կան, ո՞նց տան:
Համլետն ասում է, որ պատերազմում պարտության պատճառներից մեկն էլ համապատասխան զենք չունենալն է եղել եւ անկազմակերպվածությունը:
Սերժիկ Մակյանն ասում է, որ արցախյան երկու պատերազմների ընթացքում երեք եղբայրներին է կորցրել, մեկն էլ վիրավոր է, ո՞վ իրավունք ունի արցախցու փոխարեն որոշումներ կայացնելու, Արցախի հարցը լուծելու:
Ստելլա Զաքարյանն ասում է, որ առաջին պատերազմի ժամանակ կորցրել է ամուսնուն, երկրորդ պատերազմի ժամանակ` փեսային: Չէր սպասում, որ երեսուն տարի անց կկրկնվի պատմությունը, եւ իրենք նորից կորուստներ կունենան:
«Մեր հողն ու ջուրն է, այդքան կորուստներ ենք տվել, ո՞ւր գնանք, ինչո՞ւ գնանք »,- հարցնում է Ստելլան:
Արցախի ապագան շատերն են կապում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման, զարգացման հետ:
Հաղորտի փոքրիկ գյուղում հունիսի 18-ին «ռեԱրմենիա » համագործակցության հարթակի ջանքերով բացվեց «Մունք » տեխնոդպրոցը, որտեղ հաճախելու են 12-17 տարեկան դպրոցականները: Բացմանը ներկա էին ինչպես Արցախի պաշտոնյաները, գյուղի բնակիչները` իրենց փոքրիկ երեխաներին գրկած, այնպես էլ Երեւանից ժամանած հյուրեր:
«Never give up » (Երբեք չհանձնվես),- անգլերեն այս խոսքերն էին փակցված տեխնոդպրոցի մուտքի պատին: Տեխնոդպրոցում արցախցի, նաեւ` դրսից եկած մասնագետները, դասավանդելու են տեղեկատվական տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, մարքետինգ, դիզայն եւ հարակից այլ մասնագիտացումներ: Երեխաները ներս ու դուրս էին անում, ծանոթանում տեխնոդպրոցին, նրա պայմաններին: Հայտնի է, որ «Ես » կրթական հիմնադրամի շրջանավարտները կարող են մասնակցել տեխնոդպրոցի դասընթացներին եւ անցնել երկրորդ փուլ, կբացահայտեն իրենց, թե որ մասնագիտությունն են նախընտրում եւ կընտրեն այն:
Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն ասում է, որ պատերազմից հետո արցախցիները փորձում են ոտքի կանգնել, երբեք չեն հանձնվի, կրթական, մշակութային ծրագրեր են իրականացնում:
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում գտնվող Հաղորտին ունի 160 բնակիչ, պատերազմից հետո այստեղից արտագաղթ չի եղել: Գյուղի բնակիչ Նվարդ Հարությունյանը պատմում է, որ իր երկու որդիները ծառայում են Արցախի զինված ուժերում, պատերազմի ժամանակ փոքր որդին եղել է Կարմիր շուկայում, այնտեղ կռվել է, հակառակորդից զենք-զինամթերք առգրավել: Նրա որդին` Հակոբ Հարությունյանը, մերօրյա հերոս է:
Հաղորտիի գյուղապետ Նվեր Մարտիրոսյանը, որն արցախյան երկու պատերազմների մասնակից է, կարծում է, որ շատ պետք է կարեւորենք տեղեկատվական տեխնոլոգիաները, քանի որ վերջին պատերազմում մեր պարտությունը հենց արդիական զենքեր չունենալով էր պայմանավորված: Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ պետք է կարողանանք ՏՏ ոլորտի բարձրորակ մասնագետներ պատրաստել, միայն այդ կերպ կարող ենք մեր կորուստները վերականգնել պատերազմից հետո, որի վերքերը դեռեւս իրենց զգացնել են տալիս:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: