6 անչափահաս երեխաների մայրը սպասում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխհատուցմանը

23

34-ամյա Մարինեն 6 անչափահաս երեխաների մայր է, ապրում է Սյունիքի մարզի Չափնի գյուղում։ Արդեն երկու ամիս է՝ դիմել է ԶՊՄԿ(Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) ամենամսյա գումարային աջակցության համար, սակայն վերջինիս դիմումին արձագանք չկա։ Կոմբինատը Արծվանիկի պոչամբարի շահագործման համար փոխհատուցում է տրամադրում հարակից գյուղերի բնակիչներին, քանի որ աղտոտված օդի պատճառով գյուղացիները չեն կարող այգի մշակել։

«Այդ օդը մենք ամբողջությամբ շնչում ենք, էլ գլխացավերով ամեն օր, երկու տարի է՝ դիմել եմ, ոչ մեկ ոչ մի պատասխան։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ ինձ չի հասնում, ինձ չէ, գոնե երեխաներիս հասնի։ Մեր գյուղացիներից մեկը մեզնից ուշ էր դիմել, մի շաբաթվա մեջ ստացավ, բայց մեզ դեռ պատասխան չեն տվել»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Մարինեն։

Տիկին Մարինեի ընտանիքն ապրում է վարձով, անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամ է։ Փոքր որդին ունի առողջական խնդիրներ, համապատասխան սարքավորումներ կան միայն Երևանում։ Ֆինանսական խնդիրների պատճառով երեխային չեն կարողանում Երևան բերել, սակայն երեխան բուժզննման կարիք ունի։

«Աշխատանք չկա, նույնիսկ տրանսպորտ չի գործում։ Երեխային հատկացվող գումարը ստացել եմ, երեխաս 4 ամիս պառկած էր հիվանդանոցում, դրա վրա է ծախսվել»։

Ընտանիքը ստիպված է դեռ սպասել։ Չափնի համայնքի վարչական ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջինս արդեն ցուցակագրված է, դիմումն ընթացակարգում է։