Շաքի գյուղի կենտրոնական փողոցում, արդեն 40 օրից ավել է, սև ժապավենի վրա «Արգիշտի 20» գրությունն է: Դիրքերում, մայիսի 11-ին, մահացած հայտնաբերված 20-ամյա Արգիշտի Եղյանի կորստյան վշտի հետ ընտանիքում և համայնքում չեն հաշտվում: Չեն հաշտվում ու չեն ընդունում նաև պաշտոնական այն վարկածը, թե իբր Արգիշտի Եղյանը Վարդենիսի դիրքերից մեկում ինքնասպան է եղել:
«Չեմ հավատում, որ որդիս ինքնասպան է եղել: Չեմ հավատում, որ նման գիտելիքների տեր մարդը կարող էր այդ քայլին գնար: Ինքն այնքան կյանքով լեցուն էր, իմ տղան չէր կարող ինքնասպան լիներ, ինքնասպան թող իրենք լինեին, որ նման էրեխու կյանք են խլել: Արգիշտին ապագայի հետ այնքան պլաններ ուներ, այնքան լավատես էր»,- ասում է Արգիշտիի մայրը՝ Մարինե Թահվերդյանը:
Հայրը՝ Արմեն Եղյանը լրացնում է տիկնոջը՝ նշելով, որ որդին կյանքի գինն ու արժեք գիտակցում էր: Ապագայի մեծ պլաններ ունի: Որդու մասին պատմելով հայրը ցույց է տալիս Արգիշտիի առաջինից մինչև ավարտական դասարանի գովասանագրերը, գերազանցության կարմիր վկայականն ու տղայի կորստյան ցավը փարատող մյուս հիշողությունները: Մինչև բանակ գնալը Արգիշտին հասցրել էր ուսանել Միացյալ Նահանգներում, լեզուների սիրահար էր՝ մայրենիից զատ վարժ տիրապետում էր անգլերենին ու իտալերենին: Զորակոչվելուց առաջ ընդունվել էր Երևանի պետական համալսարան: Տղայի ու ծնողների նպատակները կանգ առավ մայիսի 13-ին՝ անհասկանալի ու չբացահայտված պատճառներով: Վերջին անգամ հայրն էր խոսել որդու հետ, սովորականից մի փոքր երկար:
«Հանգիստ, կատակներով, ապագայի մասին խոսում էինք, ոչ մի անհանգստություն չուներ»,- հիշեց հայրն ու փոխանցեց՝ որդին երբեք չի դժգոհել, որևէ խնդիրների մասին չի բարձրաձայնել:
Եղյաններին վիրավորել է պետության վերաբերմունքը: Որդու մահվան լուրը վարչական ղեկավարի միջոցով են փոխանցել՝ հայտնելով, թե ինքնասպան է եղել:
«Դեպքի մասին իմացել ենք տանը նստած, ժամը 3:20-ին, մեր բարեկամներից»,- ասաց հայրը,- «Մենք չենք իմացել, պատահական դուռը բացել եմ՝ տեսել եմ դրսում հավաքված են»,- լրացրեց մայրն ընդգծելով, որ Արգիշտիի ոչ անմիջական հրամանատարը, ոչ զորամասի հրամանատարը, ոչ էլ պաշտանության նախարարությունից որևէ մեկն իրենց չի այցելել ու տղայի մահվան վերաբերյալ ողջամիտ բացատություն չի տվել, անգամ չեն ցավակցել:
«Հրամանատարությունը մեզ ոչ մի բան չի բացատրել, հրամանատարություն ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի այցելություն, ոչ մի ցավակցագիր, երեխայիս բերել են զորամասի թիկունքի պետը, հոգեբանը և գնդի քահանան: Եվ սա կոչվո՞ւմ է հայկական բանակ: Հոգեբանն ասաց ինձ բախտ է վիճակվել Արգիշտիի ունակությունները ես ընկալեմ, որպես մեծություն, շատ հազվադեպ գիտելիքների է տեր է եղել»- նշեցին ծնողները:
Շաքիում պատմցին, որ զորամասից նախապես ճշտել են՝ եթե գան գյուղ բնակիչներն իրենց արդյո՞ք վնաս չեն տա:
Արմեն Եղյանը որդու ինքնասպանության վարկածին չի հավատում, պնդում է՝ սպանել են:
«Իմ տղային սպանել են, ես ուրիշ բան չեմ կասկածում: Քննիչն ինձ ասում է՝ Արգիշտին պստում քնել է: Իմ էրեխեն պոստում քնի՞: Տանը գիշերը մայրն էր ձեռքից համակարգիչը վերցնում, հետո ես՝ պլանշետը, էդ էրեխեն պոստում կքնե՞ր»,- հայրը, իսկ մայրը նշեց.
«Ենթադրենք, որ պոստում քնել է, ի՞նչ է իրենք իմ երեխայի դատավճիռը պետք է կայացնեին: Սա ի՞նչ երկիր է, ի՞նչ օրենքեր են, ո՞ւմ ենք վստահել մեր երեխայի կյանքը, մենք վստահեցինք հայոց բանակին, բա ինչու՞ իրենք պատասխանատվություն չվերցրեցին իրենց վրա, մեր երեխային ինչո՞ւ չպաշտպանեցին: Ովքե՞ր էին այդ մարդկային կերպարանքով գազանները, որ իրավունք ունեին իմ երեխայի կյանքի թելը կտրեին, ո՞վ էր իրենց այդ իրավունքը տվել: Բոլորը՝ ամբողջ զորամասով, հրամանտարական կազմով պետք է պատասխան տան, հատ-հատ, իմ երեխայի ամեն չապրած վայրկյանի համար պետք է պատասխան տան: Պայքարելու եմ, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:
Ծնողները որդու սպանության մի վարկած են պատմում: Ըստ նրան՝Արգիշտիին դիրքի ավագը ստիպել է, որ իր հերթապահությունից հետո նաև այլ զինծառայողի փոխարեն հերթապահություն իրականացնի: «Սերժանտն ի՞նչ իրավունք ուներ իմ երեխային արտահերթ հերթապահություն նշանակեր»,-հարցնում է մայրը:
Ազգականները հիվանդանոցում Արգիշտիի մարմնի վրա կապտուկներ են նկատել, առայժմ անհայտ է, թե ինչի արդյունում են առաջացել: Արգիշտիի գործը ՔԿ-ում, երկու համածառայակիցներ են կալանավորված: Նշանակված են մի շարք փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չկան:
Ծնողների խոսքով՝ իրենց որդին անտարբերության զոհ է դարձել: Հիշեցին մի դեպք, թե ինչպես են տեսողական խնդիրներ ունեցող իրենց որդուն առանց ակնոցի դիրքեր բարձրացրել, կոտրվելուց հետո թույլ չտալով օրենքով սահմանված կարգով զորամասից դուրս գար ու նոր ակնոց գներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: