Որդու մահից հետո մահացել է հայրը․«Ես լացելով, արտահայտվելով կարողացա, իսկ ինքը՝ չէ, մանավանդ, երբ հանձնեցին հողերը»

345

2019 թվականի հունվարի 24-ին Սամվելին ճանապարհեցին բանակ։ Ավագ եղբայրը ծառայության մեջ էր Խոջալուում, Սամվելը նույնպես այնտեղ էր ծառայելու։ Սպասեց եղբորը, հանդիպեցին, տեսան իրար․

«Լավ էր, երկուսից էլ բողոք չեմ ունեցել, միշտ հավասարակշռված, նորմալ ընթացքի մեջ գնացել է ծառայությունը։ Որպես ծնող խորհուրդս էր, որ ծառայությունը ժամանակավոր է, պետք է երբեմն լռել, որովհետև բանակային կյանքն այլ է, էս կյանքը՝ այլ»,-պատմում է մայրը՝ տիկին Կարինեն։

Սամվել Ղարիբյանը Բյուրեղավանից էր, սովորում էր Բժշկական քոլեջում։ Ատամնատեխնիկ էր, ապագա ատամնաբույժ։ Մասնագիտությունը շատ էր սիրում։ Լուսավոր ու տաղանդավոր էր, կյանքով լեցուն։

Ծառայությունը կարող էր հետաձգել, դասերի վերջին կիսամյակն էր։ Առողջական խնդիրներ էլ ուներ, բայց ասել է՝ ուզում եմ հասակակիցներիս հետ ծառայել․

«Դեմ չկանգնեցինք։ Անգամ գնաց իր թղթերը հանեց որպես լիարժեք առողջ։ Թուղթը բերեց սեղանին դրեց։ Աշխատանքից հետո տեսա։ Ինքն ամեն ինչն ինքնուրույն արել էր։ Գնաց, ծառայեց»։

Սեպտեմբերի 27-ին տեղափոխվել են Ասկերան։ Մինչև զոհվելու օրը ամեն օր՝ առավոտյան և երեկոյան կապվել է մոր հետ.

«Միայն ասում էի՝ ձայնդ լսեմ, հանգիստ լինեմ։ Այդ օրը կապվել է ինձ հետ՝ շատ արագ․մա՛մ չանհանգստանաս, ամեն ինչ նորմալ ա, դե հիմա սենց ա, մեզ տարհանել են ուրիշ տեղ»։

Սամվելն իր մոտ Քրիստոսի նկարի հետևում ֆիքսել է իրենց հարվածի ժամերը, առաջին հարվածի ժամը՝ 7։47։ Հոկտեմբերի 6-ին՝ ծննդյան օրը տեղափոխել են Ջաբրայիլ։ Զանգել է շատ ուշ, ուրախ ու միշտ ժպիտով։ Զանգելիս միշտ քրքջում էր՝ փորձելով թաքցնել կրակոցի ձայները.

«Կադրեր կան, որ ֆիքսել են։ Զինակից ընկերներն ու կամավորականներն ասել են՝ միասին նկարվենք, միգուցե վերջինն է։ Մինչև ամսի 9-ը պայքարել են։ Անընդհատ հրամանատարի հետ է եղել, աջ թևն է եղել։ Ընկերներն ասում են՝ մեր ընտանիքները մեր աչքերի դեմն էին, բայց Սամվելը․․․ ո՞վ կարա, ո՞վ ա ավելի ռիսկով, որ կարող է մեքենան վարել, պետք ա գնանք էս գործողությունն անենք, ասում էր՝ ես։ Ամեն ինչի մեջ՝ ես»։

Վերջին անգամ Ուրալի ղեկին է եղել։ Պայքարի մեջ էր, բայց զանգելիս չէր մոռանում ծիծաղել, ժպտալ։ Հայրենասիրությունն էլ պապիկից էր ժառանգել։ Հարց ու պատասխան միշտ են ունեցել, պատերազմական գործողությունների մասին է հարցրել։ Դպրոցական տարիքում էլ միացել է երկրապահ կամավորականների ջոկատին։

Հոկտեմբերի 9-ին զանգն ուշացավ․

«Առավոտյան չզանգեց, երևի արդեն թեժ էր, սիրտս անհանգիստ էր։ Մայր, աշխատում ես ռազմական դրության իրավիճակում, պիտի հասցնել աշխատանքդ և դա։ Ժամը 18:00-ին քանի պակաս էր, չեմ հիշում, արդեն պիտի դուրս գայի, զանգեց՝ մա՛մ ջան, որ չզանգեմ, չնեղվես, մա՛մ ջան։ Ասեցի՝ Սամվել, ձայնդ ինձ դուրս չի գալիս, շատ տխուր ես, ասեց՝ մա՛մ, ավել բան մի ասա, խնդրում եմ քեզ։ Լավ եղեք, լավ նայեք ձեզ, ամեն ինչ լավ ա, ես էլի կզանգեմ։ Հեռախոսը ցած դրեց, զանգում եմ, չի վերցնում։ Մի րոպե թե երկու րոպե հետո նորից զանգում է՝ մա՛մ, մի բան պիտի խնդրեմ քեզ, որ հանկարծ զանգեմ, երբեք չհարցնես՝ խի եմ տխուր․․վերջին խոսքն էր դա։ Ու զանգ չեմ ստանում»։

Տիկին Կարինեն սպասում է այն հույսով, որ որդին գոնե ժամը 22։00-ին կզանգի։ Ժամն էլ է անցնում, բայց զանգ չկա։ Մտածում է՝ իրավիճակն է ծանր, լավատեսորեն է մոտենում։

Երեք օր անքուն պայքարից հետո 20-ամյա Սամվելը զոհվում է հոկտեմբերի 9-ին Ջաբրայիլում ԱԹՍ-ի հարվածից։ Երկու օր զանգ չլինելուց հետո լուրն իմացել են նոյեմբերի 11-ին։

Որդու մահից հետո, մահացել է և հայրը․

«Ամուսինս շատ ծանր տարավ։ Ես լացելով, արտահայտվելով կարողացա, իսկ ինքը՝ չէ։ Մանավանդ, երբ հանձնեցին հողերը։ Ինքն այդ օրը սեղանին էնպես ուժեղ խփեց, ասեց՝ տղայիս արյունը․․Միացավ տղային, երևի ինքն ավելի շատ էր սիրում»։

 

Քնարիկ Վարդանյան

Լուսանկարները՝ Անի Գևորգյան