44-օրյա պատերազմում ամուսնու զոհվելու մասին Օվսաննա Գասպարյանը տեղեկացել է «Տելեգրամից», երբ թշնամական պետության զինյալները Սամվել Գասպարյանի լուսանկարը հրապարակել են սոցցանցում:
Սամվելը լեյտենանտ էր, ծառայում էր Արցախի ԱԱԾ-ում պատերազմ մեկնելիս ընտանիքում այդ մասին չի հայտնել, հավաստիացրել է, թե Ստեփանակերտում ուժեղացված ծառայության է մասնակցում: Վերջին անգամ կնոջ հետ խոսել է հեկտեմբերի 16-ին:
«Այդ օրն ասաց՝ երեք օր չեմ զանգելու, կապերը լավ չեն: Հոկտեմբերի 16-ից հետո էլ չենք խոսել: Հոկտեմբերի 27-ին թուրքերը իր նկարը գցել են «Տելեգրամ», իմացանք, որ զոհվել է: Սկզբում ինձ ծնողներս չեն ասել, որ նկար կա, բայց ասեցին զոհվել է, նկարը կա: Ես չհավատացի, սկսեցի փնտրել, քանի որ ինձ ցույց չէին տալիս լուսանկարը: Ընկերներին հարցնում էի, ասում էին՝ չկա նման նկար, հետո նոյեմբերի 2-ին նոր գտել եմ նկարը»,- ասաց Օվսաննա Գասպարյանը:
Սամվելի ծառայակիցները Օվսաննային ամուսնում զոհվելուց որոշակի մանրամասներ են փոխանցել: Նշել են՝ վերջին անգամ, երբ խոսել է կնոջ հետ արդեն ոտքից վիրավոր է եղել:
«Ընկերներն ինձ ասացին, որ հոկտեմբերի 16-ին, երբ ինձ հետ խոսել ավարտել է, դեպքը դրանից հետո է եղել, ինքը ոտքից վիրավոր է եղել, չի կարողացել դուրս գալ: Իրենց պետք է օգնություն հասներ, բայց չգիտեմ ինչու այդ օգնությունն այդպես էլ տեղ չի հասել»,- ասաց նա:
Սամվելը մարտական գործողություններին մասնակցել է Հադրութում: Զոհվել է պատերազմի 21-րդ օրը: 25 տարեկան էր: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»:
Սամվել Գասպարյանի կինն ու երկուս ու կես տարեկան աղջիկն այժմ շարունակվում են բնակվել Ստեփանակերտում:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: