Հարությունը՝ Բյուրեղավանի 11 զոհերից մեկը

116

Նորակոչիկ Հարություն Միրզոյանն այս տարվա հուլիսին պետք է զորացրվեր եւ վերադառնար տուն՝ կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաք։ Փոխարենը նրա մասին այժմ հիշեցնում է Միրզոյանների տան հյուրասենյակում տեղադրված մեծ ու լուսավոր անկյունը։

Մայրը ՝ Մանուշակ Միրզոյանն ասում է․ «Էսպիսի բան չպետք է լիներ։ Վիրուսի հետ կապված էինք նրանից անհանգստանում, բայց այսպիսի բանի մասին չէինք էլ կարող մտածել։ Նա զոհվել է Շուշիում, բայց մինչեւ այդ էլ ինչի միջով անցել է, ինչ ասես տեսել է․․»։

Ծառայության մեկնելով Հարությունը նախ կարանտին է անցել Ստեփանակերտում, հետո Մարտունիում, ապա սկսել է ծառայելՀադրութում։

«Ամսի 25-ին գնացի առեւտուր անելու, որ նրան ուղարկեմ․ մի քանի պակաս բան ուներ, որ պետք է լրացնեի։  Դեռ չէի հասցրել ուղարկել, երբ առավոտյան իմացա, բոլորի պես, որ պատերազմ է սկսվել։ Շատ անհանգստացա, բայց վստահ էի, որ հնարավոր չի նորակոչիկները վտանգավոր գործողությունների մասնակցեն․․․ ՄԻ օր զանգեց, մի քիչ երկար խոսեցինք, ասեց՝ մամ, մեր տղաներից մեկը վիրավորվել է, այդ տղան էլ էր Բյուրեղավանից։ Տղաս ասեց՝ այնքան մեղք է։ Շատ էր տղայիս վրա ազդել»-։

Ծնողներին հայտնի է, որ Հարությունը հոկտեմբերի 29-ին ծառայակիցների հետ հասել է Ասկերան, այնտեղից նա զանգել է, ասել է, որ անտառում է, ապա նրան հաջողվել է հասնել մի գյուղ, որտեղ զինվորները սնունդ են գտել, կարողացել են լողանալ ու մի քիչ հանգստանալ։

Նոյեմբերի 4-ին Հարությունը զանգել է բոլոր հարազատներին, խոսել է բոլորի հետ, լավ տրամադրոթյուն է ունեցել։

«Մեծ տղայիս աղջիկը այդ ժամանակ երկու ամսական էր։ Հարությունը շատ էր կապված երեխայի հետ։ ԻՆձ հետ վերջին խոսալուց ասեց՝ Մանանիս լավ նայեք, մինչեւ գամ։ Ամսի 7- ին նա զոհվեց։ Տղաս գիտեր, որ այդ ժամանակ նա արդեն Շուշիում էր, բայց մենք չգիտեինք։ Երբ Շուշիի մասին խոսակցությունները սկսեցին, երբ բոլորը անհանգիստ լուրեր էին իմանում այնտեղի մասին, ես մտածում էի՝ ինչ լավ է տղաս Շուշիում չի, պարզվեց՝ մի քանի օր է էնտեղ էր»-,- պատմում է զոհված զինվորի մայրը։

Որդու զոհվելու լուրը ծնողներին հասել է նոյեմբերի 11-ին։« Մենք նրան բանակ չէինք ճանապարհել, որ էսպես դիմավորենք։ Այսպես չպետք է լիներ․․․ Չնայած մենք Աստծուն փառք ենք տալիս, որ կարողացել ենք մեր տղային գտնել ու հողին հանձնել»-,- ասում է տիկին Մանուշակը։

Նշենք, որ Բյուրեղավան համայնքը 44-օրյա պատերազմին տվել է 11 զոհ։

Անի Գևորգյան