Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, «Մարտական եղբայրություն » միաբանության հիմնադիր անդամ Մասիս Շիրոյանի համար 44-օրյա պատերազմն անակնկալ չի եղել:
«2011-13թթ. ծառայել եմ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջին պաշտպանական շրջանում`Հադրութի զորամասում: Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ես աշխատում էի: Պատերազմի սկսվելն ինձ համար անակնկալ չէր: Ցանկացած պահի կարող էր վերսկսվել պատերազմը: Ես կամավորագրվեցի, հոկտեմբերի 21-ին գնացել եմ Արցախ: Եղել եմ Կարախամբելիում, որը պահվել է մինչեւ հոկտեմբերի 28-ը: Հակառակորդը չի կարողացել այդ կողմից առաջխաղացում ունենալ: Մեր աջ թեւը` Ջրականի հատվածը, ճեղքված էր, եւ պետք էր վերականգնել աջ թեւը: Երկու անգամ առաջնագիծը վերականգնելու փորձ է կատարվել, չի ստացվել, հետո հրաժարվեցին այդ մտքից, մեզ բերեցին, վերադիրքավորեցին երրորդ պաշտպանական շրջանի տարածքում: Մինչեւ գնդի հրամանատարի մակարդակ զորքը կռվել է իդեալական, Գլխավոր շտաբը հստակ չէր համակարգում գործողությունները: Չկային համակարգային մշակված օպերացիաներ, չկար հարձակողական մարտ, ինչին մեր զորքը սպասում էր: Մեր` ԵԿՄ-ի վաշտի հրամանատարը Արամ Պողոսյանն էր, ինքը փառահեղ հրամանատար է, որը մասնակցել է նաեւ արցախյան առաջին պատերազմին»,- պատմում է Մասիսը:
Հետո հիշում է, որ ինքը ոտքից եւ որովայնից վիրավորվել էր, իրեն վիրավոր վիճակում տեղափոխել են Երեւան: Պատերազմի ընթացքում հասցրել է նոյեմբերի 6-ին մասնակցել Շուշիի վերաազատագրման փորձին, ինչը չի հաջողվել, քանի որ չի եղել հստակ մշակված օպերացիա:
«Զինվորականությունը, սպայական կազմն ամեն ինչ արել են, ցանկություն ունեին Շուշին վերցնելու, պահելու, բայց հնարավոր չէր, քանի որ շտաբն օպերացիաներ չէր մշակում: Մեզ տեղյակ էին պահել, թե որտեղ են նստած ազերիները, սակայն մենք ընդամենը տասը հոգով ենք մասնակցել գործողություններին: Այդ ժամանակ ունեցանք մեկ զոհ, ես վիրավորվեցի, մյուսներին բարեբախտաբար ոչինչ չպատահեց: Մենք հասկացանք, որ երկար այդ կերպ չենք կարող կռվել: Ինձ անգիտակից վիճակում բերեցին Երեւան, նոյեմբերի 9-ին իմացա, որ պատերազմը դադարեցրել են: Նախապայմաններ ստեղծվեցին, որ խաղաղապահ ուժերը մուտք գործեն Արցախ: Մինչդեռ մենք ներուժ ունեինք, որ կռվենք ու հաղթենք: Էն միֆը, որ տարածվում է, թե հակառակորդը ԱԹՍ-ներով էր հարվածում, սխալ է. վերջին օրերին դրանք ընդհանրապես չեն եղել, որովհետեւ եղանակային պայմանները վատն էին, կային նպաստավոր պայմաններ, որ մենք անցնենք հակահարձակման: Մեր զորքի կորցրած տարածքները քիչ են եղել, զորքին ճիշտ հրաման տալու դեպքում կարելի էր դրանք վերականգնել: Երբեք չպետք է հանձնեինք Քարվաճառը, Լաչինը: Պետք էր մինչեւ վերջ մաշեցնել հակառակորդին: Ալիեւը վերջում հայտարարեց, որ իրենք մաշված էին, չէին կարողանում կռվել: Եվ դրա համար պատերազմը դադարեցրին, որ մենք առաջխաղացում չունենանք եւ չհաղթենք: Այդ դեպքում ՌԴ-ն չէր կարող խաղաղապահներ մտցնել Արցախ: Սարքեցին մեր գլխին, որ գալիս են փրկելու, մինչդեռ մեզ փրկելու կարիք չկար: Խաղաղությունը չեն մուրում, պարտադրում են, որպեսզի հակառակորդը ստիպված լինի հաշվի նստել քեզ հետ »,- կարծում է Մասիսը:
Մասիսը երրորդ խմբի հաշմանդամություն ունի, չի աշխատում, թոշակ է ստանում: Մինչեւ պատերազմ մեկնելը, նաեւ դրանից հետո, նա աշխատել է «Հայաստանի Հանրապետության բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի արեւմտյան մասնաճյուղի փոխտնօրեն: Առողջական վիճակի պատճառով Մասիսը չի կարողացել շարունակել աշխատանքը եւ թողել է այն:
«Պետությունը սահմանել է մի ընթացակարգ, համաձայն որի` պատերազմում վիրավորված տղաները պետք է բուժվեն պետպատվերի շրջանակներում: Իրենք ուղեգիր են ստանում, եւ կան հիվանդանոցներ, որոնք սպասարկում են նրանց: Սակայն հիվանդանոցներում սարսափելի մեծ հերթեր են, եւ նույնիսկ արտահերթի դեպքում չեն սպասարկում: Վերջերս ես ողնաշարի հետ կապված խնդիր ունեի, գնացել էի, որպեսզի հետազոտություն անցնեմ, սակայն ինձ ասացին, որ միայն հոկտեմբերին կարող եմ գալ: Օր օրի վիճակս վատանում էր: Ինձ հաջողվեց անձնական ծանոթությունների միջոցով լուծել հարցը: Հիմա պատկերացրեք` մի վիրավոր տղա հեռավոր գյուղից գալիս է, որ հետազոտություն անցնի, ի՞նչ անի նա, եթե վիճակը վատ է: Մարդիկ կան, որոնց զրկում են հաշմանդամության կարգից, որ մնացած ծախսերն էլ չհոգան: Ես մարդու գիտեմ, որ երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, նրան զրկել են այդ կարգից, պետք է գնա, իր հաշվին վիրահատվի, որ ոտքից երկաթները հանեն: Անուն չեմ ուզում տալ, որովհետեւ մեկը կամ երկուսը չեն նման դեպքերը, շատ են »:
Մասիսը պատմեց, որ կան մարդիկ, որոնք մասնակցել են պատերազմին, սակայն նրանց մասին ոչ մի տեղ գրառում չկա, պաշտպանության նախարարությունն էլ պատասխանում է` քանի որ դուք չկաք ցուցակներում, չեք կարող պետպատվերով բուժվել, մինչդեռ մարդը վիրավոր է:
«Պաշտպանության նախարարությունը եթե չի կարողանում իր շահառուներին պաշտպանել, ո՞նց է պաշտպանելու պետությունը: Այդ տղերքը գնացել, կռվել են, երկիր են պաշտպանել, չէ՞ »,- հարցնում է Մասիսը: Մինչդեռ, ըստ նրա, մենք դեռ չենք ավարտել պատերազմը, եւ նման տղաներն են նորից գնալու կռվելու:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: