Այս տարվա փետրվարին Բաքվի գերությունից վերադարձած ժամկետային զինծառայող Արթուր Բ.-ի առողջական վիճակը շարունակում է անկայուն մնալ: Բաքվում գերության երեք ամիսների ընթացքում ձեռք բերված հոգեբանական խնդիրները, վերադառնուց չորս ամիս անցել էլ, Հայաստանում են սրացել, իսկ պետությունը նրան վերականգնողական բուժման փոխարեն դիրքեր է ուղարկել: Արթուր Բ.-ն այս խնդիրներով չորս ամիս ծառայել է Ճամբարակի զորամասում, բարձրացել դիրքեր:

Այս մասին  Forrigtsh.am-ի պարբերաբար  ահազանգում է զինծառայողի մայրը՝ Ոսկի Բ-ն: Արթուրի հոգեբանական և ֆիզիկական խնդիրները Forrigtsh.am-ի ուշադրության կենտրոնում են գերությունից վերադառնալու հենց առաջին օրվանից:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն դիմել էր պաշտպանության նախարարին և Մարդու իրավունքերի պաշտպանին Արթուրին վերականգնողական բուժման տեղափոխելու համար: Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցից փոխանցել էին, որ նման անհրաժեշտություն չկա: Մինչդեռ, ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի աջակցությամբ հնարավոր եղավ Արթուրին օրերս տեղափոխել Երևանի զինվորական հոսպիտալ:

Մայրը մեզ հետ զրույցում  նշեց, թե վերջին հանդիպումից հետո որդու մոտ ինչ ֆիզիկական խնդիրներ են առկա:

«Ոտքերը բատինկաներից ուռում է: Սկզբում, որ գնացել էր բանակ չկար նման բան, գերությունից հետո է նկատվել, Բաքվից ինչ եկել է բողոքում է: Ոտքերի մատներն ահավոր ուռած են, պարզ երևում է:

Շատ քիչ մարդիկ կան, որոնք հավատում են, որ իմ երեխայի հետ մի բան այն չի: Նա հոգեբանորեն չի վերականգնվում, Բաքվի ազդեցությունները դեռ կան: Իմ երեխան չկա, ֆիզիկապես ինքն է, բայց իր հոգեկան աշխարհը խառնված է իրար: Եթե ինքը հոգեպես չբուժվի, ինչ իմանամ տարիներ հետո իր հետ ինչ կլինի»,- նշեց մայրը:

Ոսկի Բ.-ն կարծում է, որ որդուն միայն թվաքանակի համար են տարել բանակ, քանի որ, ըստ մոր խոսքերի, տղան չի մասնակցում որևէ գործողություն չի կատարում զորամասում:

Իրենց գլխաքանակ է պետք, հաշվում են, որ հա այստեղ այդքան զինվոր կա, ինքը տեղում է: Իմ տղան ոչ մի բանի չի մասնակցում, առավոտ և երեկոյան կանգնում է, հաշվում են և վերջ: Ֆիզիկապես տեսնում ես, որ ինքը կանգնած է, բայց իմ երեխան ինձ լիարժեք է պետք, ես իրենց տվել եմ լիարժեք տղա, նույնն էլ հետ եմ ուզում: Իր հետ խոսում ենք հանկարծակի թողնում ու գնում է: Եղել է, որ իր հետ կանգնած խոսում ենք՝ թողել գնացել է: Իր հետ տեղի ունեցած դժվարություններից էլ չեն խոսել, տանից ենք խոսել, երեխաներից…ինքը մտքերով է ընկել, տպավորություն է ստեղծվել իր մոտ, որ ինքը ստեղ չի Բաքվում է ու գնացել է, հետո ձայն ենք տվել, հետ է եկել: Ես ուզում եմ, որ իմ երեխայի առողջությունը վերականգնեն, քանի որ իրենց պատճառով է գնացել ու գերի ընկել: Իմ երեխան պոստերում է գերի ընկել, վախենում է պոստեր բարձրանալուց, բայց էլի տաում են պոստեր»,- ասաց մայրը:

Նարեկ Կիրակոսյան 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest