2019 թվականին քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարվեց, ինչը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հնարավորություն փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը առնվազն 15 տարի կրելուց հետո տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ, իսկ կիսափակից կիսաբաց կարող են տեղափոխվել 18 տարի ազատազրկումից հետո:
«Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը» թեմայով ասուլիսի ժամանակ փաստաբան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ դատախազությունը չի ուզում՝ դատապարտյալները հայտնվեն ազատության մեջ։ Երբ անձը կատարել է հանցագործություն, պետությունը գտնում է, որ վերջինս ենթակա է ուղղման․
«Ուղղիչ հիմնարկների տրամաբանությունն այն է, որ հիմնարկը պետք է անձի հետ կատարի աշխատանքներ, ու դա նորմալ է, որ նախկինում անձը ունեցել է բացասական վարքագիծ, իսկ տարիների ընթացքում պետք է դրսևորի դրական վարքագիծ։ Երբ ասում ես, որ 10 տարի առաջ տույժ է ունեցել, դա 10 տարի առաջ էր, անձը ուղղվել է արդեն։ Ամեն ուղղիչ հիմնարկ փոխելիս, երբ անձը ներկայանում է դատարան պայմանական վաղաժամկետ ազատման, ամեն անգամ սահմանում են այնպիսի անհաղթահարելի շեմ, որ դու այն ժամանակ տույժ ես ունեցել, վերջ, ճանապարհները փակվում են»,-նշեց փաստաբանը։
Ռևազյանի խոսքով՝ Արդարադատության նախարարի որոշման համաձայն՝ ՔԿՀ-ն դատապարտյալների համար կազմում է ուղղման գործընթացի ծրագիր։ Պետք է հստակ ծրագիր լինի, որ դատախազությունը տեսնի՝ ինչ է արել դատապարտյալը․
«Երբ ասում են՝ երկու միջոցառման մասնակցելը բավարար չէ, իսկ ուսումնասիրե՞լ եք տարվա մեջ այդ ՔԿՀ-ում քանի միջոցառում է անցկացվել։ Եթե երեք միջոցառում է անցկացվել ու դատապարտյալը երկուսին մասնակցել է, ինչպե՞ս եք ասում՝ բավարար չէ»։
Փաստաբանի կարծիքով՝ դատախազությունը եթե փորձի ուղղման գործընթացով գնահատել, ապա կտեսնի, որ դատապարտյալների ճնշող մեծամասնությունն արել է ավելին, քան նախատեսված է եղել այդ գործընթացի ծրագրով․
«Այստեղ իրենք էլ ասելիք չեն ունենա, բայց իրենք ընտրում են այն դաշտը, որտեղ կարող են մանևրել։ Օրինակ 15 տարի առաջվա տույժերը, շատ լավ իմանալով, որ դրանք երբևէ չեն վերանալու»։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: