Օրեր առաջ հայտնել էինք, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գևորգ Խաչատրյանը մայիսի 16-ից  հացադուլ է հայտարարել՝ ուշադրություն հրավիրելով իր առողջական վիճակի վրա և պահանջելով կատարել ՄՌՏ հետազոտություն։

«Տղաս ասում ա, որ իրեն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում։  Ողնաշարի վրա կիստայի նման բան կա։ Ուժեղ ցավերի մեջ ա լինում, գալիս են, մենակ ցավազրկող են սրսկում։ Չի ասում, որ ազատեն, ուզում ա, որ բուժմաս տեղափոխեն, էնտեղ կարողանում ա իրեն հետևի»,- forrights.am-ի հետ զրույցում պատմել է Գևորգի մայրը՝ Անգինը։ Գևորգը բազմազավակ ընտանիքից է։

Forrights.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՄԻՊ աշխատակազմից հայտնել են, որ բարձրացված հարցի կապակցությամբ գրություն է հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարություն։

Նշենք, որ հունիսի 6-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Գևորգի հետ։ Վերջինս ներկայացուցիչներին հայտնել է, որ ունի ողնաշարի և ստամոքսի հետ կապված առողջական խնդիրներ, ինչի կապակցությամբ բուժում է ստացել Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում։

Սակայն իրեն ցուցված բժշկական հետազոտությունը, մասնավորապես՝ ողնաշարի ՄՌՏ հետազոտությունը, չի իրականացվել, և վերջինս դուրս է գրվել ստացիոնարից։

Գևորգը խնդրել է իրեն տեղափոխել Արմավիր ՔԿՀ-ի բուժմաս և ցուցված հետազոտություններն իրականացնելուց հետո նաև Դատապարտյալների հիվանդանոց  ՔԿՀ-ը։

Գևորգ Խաչատրյանը հացադուլից դուրս է եկել հունիսի 14-ին՝ 28-րդ օրը, սակայն նրա պահանջներն, ըստ էության, դեռևս չեն կատարվել։ «Տղես ասում էր՝ որ մի քիչ էլ սենց գնար, կմեռնեի, մամ»։

Նշենք, որ Forrights.am-ը նաև հարցում է ուղարկել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, սակայն վերջիններս հրաժարվում են տրամադրել տեղեկատվություն դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest