«Մեծ  պատերազմը  կսկսվի,  երբ  ես  բանակում կլինեմ ու կզոհվեմ…»

124

Ապրիլյան քառօրյա պատելազմի ժամանակ, երբ ռուսաց  լեզվի  դասին անդրադարձել են այդ  թեմային  Դավիթ Յակովլեւն ասել է. «Դե սա պատերազմ չէր, վարժանքեր էին։ Պատերազմը կլինի այն ժամանակ, երբ ես բանակում  կլինեմ եւ կզոհվեմ…»:

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Դավիթի տատիկը` երկարամյա լրագրող Անահիտ Հայթայանը, պատմում է, թե  շնորհալի իր  թոռն  ինչ ճանապարհ է անցել, մանկուց  ինչ  նախասիրություններ  ու ապագայի ինչ  մեծ  ծրագրեր  է ունեցել:

Դավիթն ավարտել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական թեքումով  հատուկ դպրոցը: Շատ առարկաներից էր ուժեղ, իսկ մաթեմատիկան նրա տարերքն էր։ Բազմիցս մասնակցել է տարբեր օլիմպիադաների ու մրցանակներ շահել:   Դեռ 14 տարեկան չկար`  «Թումո» ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն էր։

Մինչ դպրոցն ավարտելը Դավիթը հասցրել է նաեւ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնում  հատուկ  դասընթացներ  անցնել,  իսկ «Ինսթիգեյթ»  ուսումնական կենտրոնում  յուրացնել  ծրագրավորման  Scratch եւ Turtle լեզուները, որակավորում էր   ստացել ՄՏՍ Հայաստանի կարիերայի կողմնորոշման ծրագրի  շրջանակում:

Տիկին Անահիտը նշում է, որ Դավիթը գերազանց տիրապետում էր  HTML, CSS, C#, PHP, MySQL, Java Script ծրագրերին, նաեւ, հաղթելով  API-ի միջոցով կայքերի ստեղծման մրցույթում, արժանացել է առաջին մրցանակի: 2017-18թթ. զուգահեռ ազատ գրաֆիկով աշխատել է Web ծրագրավորման ոլորտում`ընդունելով կայքերի պատրաստման պատվերներ: Նրա ստեղծած եւ Youtube-ում տեղադրված ծրագրերը, այդ  թվում` խաղերը, բազմաթիվ  դիտումների էին արժանանում, ինչի շնորհիվ Դավիթը  գումար էր  վաստակում։ Նա առաջինն իր սիրելի մայրիկին ժամացույց նվիրեց…

Դպրոցն ավարտելուց հետո Դավիթը  մաթեմատիկայից ամենաբարձր միավորով քննություն է հանձնել հայ-ամերիկյան համալսարանում, բայց նախընտրել է SS ոլորտի մասնագետ դառնալու համար ԵՊՀ-ի  ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի   ֆակուլտետն ընդունվել, որպեսզի հնարավորություն ունենա աշխարհի լավագույն համալսարաններից  մեկում մագիստրոսական կրթություն ստանալ:

2019թ. հուլիսի 19-ին Դավիթը զորակոչվել է բանակ։

Դասակի հրամանատարի տեղակալ, դասային  որակավորման 3-րդ կարգի հրետանավոր, հրետանային ինքնագնաց կայանքի (САУ)-իհրամանատար Դավիթ Յակովլեւի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունի-2-ում էր։

Զինակից ընկերների հավաստմամբ ` Դավիթն ինքն է պնդել, որ մասնակցի մարտավարական  կարևորության մարտին, որտեղ  ճշգրիտ  հաշվարկներ են պահանջվում։ Նրանք պատմում են, որ ողջ օպերացիայի   ընթացքում Դավիթի մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ կատարված ճշգրիտ հաշվարկներով  արագ ու անվրեպ ոչնչացնվում էին թիրախները։

…Ասում են, որ ռադիոկապն անդադար գործում էր։  Կենտրոնին վրա-վրա զեկուցվում էր, որ թիրախը վերացված է ու նոր թիրախ էր պահանջվում։

Թշնամու կողմից դա աննկատ չէր մնացել…

Հոկտեմբերի 25-ին Դավիթը 11 ընկերների, այդ թվում՝ հրամանատարների հետ զոհվեց ԱԹՍ-ի հարվածից։

Իվանյանի տանկային զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Հայրապետյանը, ներկայացնելով Դավիթ Յակովլեւի անցած ռազմական ուղին, նշել է. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Դավիթ Յակովլեւը հմուտ եւ գրագետ ղեկավարել է իր ենթակա հաշվարկը, իր անմնացորդ նվիրումն արտահայտել` որպես մեր ժամանակների մարտիկ, հրամանատար, իր գործի գերազանց գիտակ: Նա առաջիններից էր, որ մասնակցեց Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններում ընթացող հակահարձակողական մարտերին, որտեղ ոչնչացրել է հակառակորդի 2 միավոր տանկ, զրահափոխադրիչ  տեխնիկա` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ: Հմտորեն ղեկավարելով եւ առաջնորդելով իր ենթակա անձնակազմը` նա հակառակորդին պատճառեց բազմաթիվ կորուստներ, այնուհետեւ վերախմբավորվելուց եւ զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի եւ իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրային զորքերի նահանջը: Նրա նպատակը մեկն էր` հաղթել թշնամուն: Դասակի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Դավիթ Արմանի Յակովլեւը հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաեւ պատերազմական գործողությունների ընթացքում կատարած բացառիկ սխրագործությունների համար պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով, այդ թվում՝ ԱՀ-ի Մարտական ծառայության  եւ Արիության մեդալով»:

«Դավիթը հաղթող տեսակ էր։ Նա պարտություն չէր ընդունում։ Պատահական չէր, որ նրա ամենից հաճախ օգտագործած ու սիրած բառը «հզոր»-ն էր։ Եթե ինչ-որ բան նրան շատ էր դուր գալիս, ասում էր՝ «հզոր ա»…Միաժամանակ նա ծայրահեղ ու աննահանջ արդարամիտ էր։ Դրանց էլ երբ գումարում ենք Դավիթի մեկ այլ հատկանիշ՝ իրեն վստահված կամ  նպատակադրված ցանկացած գործ պիտի գերազանց կատարեր, ապա հասկանալի կդառնա, թե իր ապրած կարճատեւ կյանքի ընթացքում այդ երբ հասցրեց  որպես  մարդ կայանալ։

Նա ամեն ինչ արեց, որ իր անցած ճանապարհը միշտ հաղթանակներով պսակվի։ Հազար ափսոս, որ արդյունքում հատուցում ենք նրա բացակայութամբ…»,-ասում է Դավիթի տատիկը։

…Մինչդեռ  պատերազմից  մի   քանի օր առաջ խնդրել էր արհեստական բանականության մասին գիրք ուղարկել իրեն…

…Իսկ տանն ամեն ինչ Դավիթին է հիշեցնում` նրա սենյակը, լուսանկարները…

 

Թագուհի Հակոբյան