Կառավարության առաջարկությամբ ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայարեց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը:
Դիմելով փոխնախարարին պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարցրեց՝ արդյո՞ք օրենսդրական փոփոխություններով հնարավորություն է ընձեռվելու Մարտի 1-ի գործերով, որոնցով արդեն կան արդարացումներ, դատական ակտերի կայացմանը մասնակից դատավորներին ենթարկել պատասխանատվության։ Փոխնախարարը պատասխանեց, որ նոր փոփոխություններով հնարավորություն կա հետ գնալ և ուսումնասիրել ՄԻԵԴ-ի կողմից կայացված 15 տարվա վճիռները․
«Եթե դրանցում արձանագրվեն կոնկրետ դատավորի կողմից դիտավորությամբ կայացված խախտումներ, կարող ենք հետ գնալ և կարգապահական վարույթի շրջանակներում գործը վեր հանել, ներկայացնել ԲԴԽ միջնորդություն, և այսօր օրենսդրությամբ գործող կառուցակարգերով պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված դատավորին»։
Մինչ այդ փոխնախարարը նշել էր, որ գործող բոլոր վարույթ հարուցող մարմիններն իրավասություն ունեն մարդու իրավունքների խախտման դեպքում վարույթ հարուցել։ Այն վերաբերելի Է ՄԻԵԴ-ի կողմից կայացված այն վճիռներին, որտեղ կոնկրետ կֆիքսվի, թե որ դատավորի դիտավորությամբ և կոպիտ անփութության հետևանքով է տեղի ունեցել մարդու իրավունքների խախտում․
«Ուսումնասիրելով ՄԻԵԴ-ի կողմից կայացված որոշումը՝ պետք է արձանագրվի՝ արդյո՞ք ՄԻԵԴ-ը ֆիքսել է, որ կոնկրետ այս դատավորը կամ այս դատական շղթայում տեղի ունեցած պրոցեսի ընթացքում է խախտվել մարդու իրավունք, և արդյո՞ք սա եղել է դատավորի կողմից միտումնավոր կամ կոպիտ անփութության հետևանքով»,-նշեց Մինասյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: