Դատախազությունը միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի պետին՝ խրախուսանք կիրառել ցմահ դատապարտյալի նկատմամբ

32

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումանսիրվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
Ուսումնասիրվել է նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Մ. Մարտիրոսյանի վերաբերյալ փաստաթղթերն ու անձնական գործը: Վերջինս 2003թ. սեպտեմբերի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 11-րդ կետերով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ըստ դատավճռի՝ վերջինս տուժողի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու նպատակով, սպանության դիտավորությամբ հանցակցի հետ մուտք է գործել վերջինիս բնակարան և դանակի բազմաթիվ հարվածներով սպանել նրան, որից հետո կատարած հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել են դիակը և դիմել փախուստի:
Պատժի սկիզբը հաշվվել է 2003թ. հուլիսի 9-ը։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի 2021թ. օգոստոսի 27-ի որոշմամբ դատապարտյալը տեղափոխվել է կիսաբաց ուղղիչ
հիմնարկ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ թեև դատապարտյալը պատժի կրման ընթացքում չի խրախուսվել, 2 անգամ՝ 2010թ. բջջային հեռախոս պահելու, իսկ 2017թ. 2 «վայ-ֆայ» սարք պահելու համար, ենթարկվել է կարգապահական տույժի, սակայն 2019թ. սկսած՝ պատժի կրման ընթացքում մասնակցել է տարաբնույթ դասախոսությունների, դասընթացների, ստացել հավաստագրեր, մասնակցել է գրական-գեղարվեստական, կրթական-լուսավորչական միջոցառումների, ստեղծագործական մրցույթների և աշխատանքների, ցուցահանդես-վաճառքների՝ ներկայացնելով իր կողմից կավից ստեղծված իրեր, ընդգրկվել է հիմնարկի, դրան
հարող տարածքի բարեկարգման՝ առանց վարձատրության աշխատանքներին:
Ըստ անձական գործում առկա տվյալների՝ 2021թ. հոկտեմբերի 25-ին Մ. Մարտիրոսյանը պայմանագիր է կնքել գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում սովորելու համար և սովորում է 3-րդ կուրսում։
2021թ. նոյեմբերի 16-ից ընդգրկվել է ՔԿՀ-ում գործող մշակութային ինքնագործ միավորման կազմում, հասարակական կազմակերպությունից ստացել շնորհակալագիր համագործակցելու և ծրագրերին կամավոր մասնակցելու համար։ Իսկ 2022թ. հունվարի 5-ից Մ.Մարտիրոսյանն աշխատում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-
ի տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտում որպես բանվոր։
Այսինքն՝ ուսումասիրությամբ պարզվել է, դատապարտյալը պատժի կրման ընթացքում դրսևորել է օրինապահ վարքագիծ, բարեխիղճ վերաբերմունք է ունեցել աշխատանքի և ուսման նկատմամբ, ակտիվորեն մասնակցել է դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին, որոնք
կրել են տևական բնույթ: Արդյունքում՝ ՔԿՀ-ի վարչակազմը նրա վարքագծում արձանագրել է դրական տեղաշարժ:
Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնակատար Ա. Բրուտյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին՝ քննարկել ցմահ դատապարտյալ Մ.Մարտիրոսյանին նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու հարցը:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին