«Փորձ է արվում բանակը կառավարության ենթակայության տակ մտցնել»

73

Իշխանություններնը ցանկանում են ավելի քաղաքականապես ենթարկված բանակ ունենալ: Փորձագիտական շրջանակներն այսպես են մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի կառավարության նախաձեռնած փոփոխությունը, որով Գլխավոր շտաբի պետը դառնալու է Պաշտպանության նախարարին ենթակա պաշտոնյա: Օրենքի նախագիծն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության հունիսի 9-ի նիստում, շուտով կքննարկվի նաև խորհրդարանում:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, որը սահմանադրությամբ զինվորական ամենաբարձր պաշտոնյան է, դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, նշանակում է փորձ է արվում բանակը ուղղակիորեն կառավարության վերահսկողության տակ մտցնելու: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը՝ շարունակելով.

«Պարզ է, որ բարձր սպայական կազմի և  ներկայիս կառավարության միջև կան լուրջ տարաձայնություններ  ու օտարվածություն: Պաշտպանության նախարարը քաղաքացիական քաղաքական գործիչ է և, ըստ մեր իրավակարգի, փոխնախարարը նույնպես քաղաքական գոծիչ է՝ քաղաքացիական, բայց որպես կանոն Գենշտաբի ղեկավարը զինվորական մարդ է: Ես չեմ բացառում, որ իրենք օրենք կփոխեն և կփորձեն ոչ պրոֆեսիոնալ զինվորական առաջադրել ԳՇ պետի պաշտոնի համար, ինչն արդեն լավ չէ: ԳՇ պետը հենց նրա համար գոյություն ունի, որ պետք է լինի պրոֆեսիոնալ զինվորական՝ մեծ փորձով, որոշակի կոչում, կրթություն, փորձ ունեցող մարդ պետք է լինի»:

Քաղաքական իշխանությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին նախարարին ենթակա պաշտոնյա է դարձնում այն նախադեպից հետո, երբ շուրջ մեկ ու կես տարի առաջ այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գեներալիտետի հետ միացավ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությանը: Ենթադրվում է, որ այս փոփոխությամբ Փաշինյանն ու իր թիմակիցները փորձում են բացառել ռազմական հեղաշրջման հավանական սցենարները:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի այն պնդումներին, թե պատճառը, ոչ թե հրաժարականի վերոնշյալ պահանջն է, այլ բանակի բարեփոխումները, փորձագետները տեղին հիմնավորում չեն համարում: Արմեն Հովհաննիսյանը նշեց՝ ի՞նչն էր խանգարում պատերազմից հետո սկսել բանակը մարտունակ դարձնելու գործընթացը:

«Բանակը մարտունակ դարձնելու համար պետք է ընդամենը գլխավոր հրամանատարի և կառավարության քաղաքական կամք: Դա ծանրագույն և շատ ռեսուրսներ պահանջող գործընթաց է, այնպես չէ, որ իրենք ուզեցին և արեցին: 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ երկու տարի կորցրել ենք, սա հանցագործություն է: Հիմա ասել, որ մարտունակ դարձնելուն խանգարում էր այն, որ ԳՇ պետը նախարարի տեղակալ չէր, սա դեմագոգիա է: Ինչն էր խանգարում  երկու տարվա մեջ 4-5 մարտունակ գումարտակ կազմավորել»,- ասաց քաղաքագետը:

Ավելի քան ութ տարի պաշտպանության նախարարությունը ղեկավարած, այժմ իշխանությունների հրաժարականը պահանջող Սեյրան Օհանյանը նշում է՝ 2008-ի դեկտեմբերին ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախարարի և ԳՇ պետի պարտականությունները հստակ առանձնացվեցին։ Նախարարը պատասխանատու էր պաշտպանական քաղաքականության, դրա շրջանակներում ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, կադրային քաղաքականության, ռազմական կրթության և ԶՈւ համակողմանի ապահովման համար։ ԳՇ պետը պատասխանատու էր մարտական ստորաբաժանումների կառավարման և մարտական խնդիրների կատարման համար։

«Ներկայիս իշխանությունը պաշտպանության մասին օրենքին լիարժեք չի տիրապետում»,- ասաց Օհանյանը:

Օհանյանի խոսքով` ամենավտանգավորն այն է, որ ԶՈւ հրամանատար է հանդիսանալու պաշտպանության նախարարը, որը քաղաքական թիմի անդամ է, կարող է պաշտպանական քաղաքականության որևէ փորձառություն չունենալ։ Օհանյանը նշում է` իր համար այս ամենը մի փոքր հասկանալի կլիներ, եթե նախարարի պաշտոնն էլ զինվորական դարձնեին։

«Նրանց թվում է, որ այդ մեկ բառն ավելացնելով (ՊՆ առաջին տեղակալ) ցույց են տալիս, որ ԳՇ պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին։ Նրանք չեն հասկանում, որ այսօրվա պաշտպանության մասին օրենքով էլ այս ուղղահայացը գոյություն ունի. ԳՇ–ն ենթարկվում է նախարարին։ Այս փոփոխություններով հավասարություն է դրվում պաշտպանության նախարարի երկու տեղակալների միջև»,–ասաց Օհանյանը։

Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է նաև բանակի կարիքների համար գնումը ԳՇ-ից վերցնել ու տալ ՊՆ-ին: «Թրանսփարենսի ինթերնեյշնալ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ գնումների գործընթացում կոռուպցիոն բացառելու համար նախ պետք է պարզ լինի, թե մինչ այս ՊՆ-ն իր կարիքների համար գնումները ինչպես է իրականացրել:

«Արդյո՞ք պաշտպանության նախարարության գնումները եղել են մաքուր: Հիմնական հարցը վերաբերվում է փակ գնումներին, որոնք պետական գաղտնիք են եղել, հիմա էլ դրանք կմնան փակ գնումներ: Տրմանաբանական է, որ պետական գաղտնիք պարունակող գնումները բաց չեն արվի, բայց հիմա, թե դա ոնց կարվի, այլ հարց է»,- ասաց նա: :

Հիշեցնենք՝ շուրջ երեք ամիս է Հայաստանի Զինված ուժերը չունեն Գլխավոր շտաբի պետ: Փաշինյանի իշխանության այս չորս տարիներին ամենաշատն են ԳՇ-ում ղեկավարի փոփոխություններ եղել՝ չորս անգամ: Վերջինն Արտակ Դավթյանն է նշանակվել: Նա ազատվել է քրգործով անցնելու պատճառով: Մեղադրյալ է «անպիտան հրթիռների գործով»

Նարեկ Կիրակոսյան