Դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

33

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել են Գլխավոր Դատախազությունից։

Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեև ամբաստանյալն ինքն էր դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Ընդ որում՝ դատախազությունը չի բողոքարկել որոշումը և առանց բողոքարկման՝ դատական ակտը կայացնելուց ամիսներ անց դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։

Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դատավորի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը փետրվարի 7-ին դատավոր Դավիթ Արղամանյանի կողմից բավարարվել է։