ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, շտաբը չի զբաղվի գնումներով

31

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենակարևոր և առանցքային դրույթները երկուսն են։ Այս փոփոխություններով Գլխավոր շտաբի պետը դառնում է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, երկրորդը, գնումների ամբողջ համակարգն իրականացվում է Պաշտպանության նախարարության կողմից։

«Այսինքն՝ Գլխավոր շտաբը գնումներով չի զբաղվում, բացառապես զբաղվում է զինված ուժերի համար նախատեսված գործառույթներով»,- ասաց Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ խոսքը չի վերաբերում միայն գնման գործընթացին, վերաբերում է ամբողջ ապահովմանը։ «Այսինքն՝ մենք պարզ լեզվով կարող ենք նշել, որ զինված ուժերը պիտի զբաղվեն այն գործով, որը վերապահված է նրանց՝ պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստվածությամբ, այն ամենով, ինչը բարձրացնում է մեր բանակի մարտունակությունը»,- նշեց Պապիկյանը։