44 օրյա պատերազմից հետո. զինծառայողը կյանքի և մահվան արանքում

109

44-օրյա պատերազմի չորրորդ օրը Ջաբրայիլում գլխի եւ ոտքի շրջանում բեկորային վնասվածքներ ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Ալեքսանյանը հրաշքով էր ողջ մնացել եւ այժմ էլ պարբերաբար շարունակում է պայքարել  ողջ մնալու համար: Ժամանակ առ ժամանակ Նարեկի առողջական վիճակը վատթարանում է եւ նա օրերով ստիպված է լինում մնալ հիվանդանոցում:

Նարեկը բեկորային վնասվածքներ էր ստացել ԱԹՍ ռմբակոծության հետեւանքով: Նա նախ ուշագնաց էր եղել, ապա ուշքի գալով` դաժան պատկերների է ականատես եղել, բոլոր ծառայակիցները զոհված են եղել, ոմանք` մասնատված:

Վիրավոր զինվորը տեղափոխվել էր Երեւան` Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա մորը զգուշացրել էին, որ ծանր վիրահատություն է սպասում, որ Նարեկը կարող է չդիմանալ դրան, բայց մայրը համաձայնել է, որ վիրահատեն: Բարեբախտաբարայս վիրահատությունը լավ էր անցել, բժիշկներին հաջողվել էր Նարեկի գլխից հեռացնել բեկորներից երկուսը, երրրդը, սակայն, չէին  հեռացրել:

«Բժիշկներն ասում են, որ երրորդ բեկորը գտնվում է տղայիս հենց գլխուղեղի մեջ: Ասեցին, որ եթե դրան կպնեն, կարող է երեխան կոմայի մեջ ընկնի, կամ պարալիչ լինի ու եթե ողջ էլ մնա, ամբողջ կյանքում մնա անկողնուն գամված: Նարեկի հետ նույն օրը մի այլ տղայի էլ վիրահատեցին, ով շատ նման վիրավորում ուներ: Բայց նա չդիմացավ վիրահատությանը, չարթնացավ: Հիմա այդ բեկորը տղայիս գլխում է ու էդ պատճառով իրեն որեւէ ֆիզիկական աշխատանք կամ ծանրաբեռնվածություն հակացուցված է», — ասում է զինվորի մայրը:

Այսպիսով, Նարեկ Ալեքսանյանի պայքարը ապրելու համար անվերջ է ընթանում եւ հայտնի չէ, թե երբ հերթական անգամ վրա կհասնի վտանգը: Մայրը պատմում է, որ մի քանի ամիս առաջ, երբ որդին ՌԴ-ում էր` եղբոր մոտ, նա իրեն կտրուկ վատ էր զգացել, ուժեղ գլխացավ էր սկսել, նա ուշագնաց էր եղել: Շտապ օգնության մեքենան նրան տեղափոխել էր հիվանդանոց, որտեղ նախկին զինվորը բժիշկների հսկողության տակ օրեր էր անցկացրել:

Նարեկ Ալեքսանյանը այժմ համարվում է 3-րդ կարգի հաշմանդամ, ինչը, մոր համոզմամբ, արդար չէ: Մայրը նախկինում բազմաթիվ դիմումներ է ներկայացրելմ պետական կառույցներին` պահանջելով փոխել որդու հաշմանդամության կարգը, եւ տրամադրել զինվորական կենսաթոշակ: Դիմումները, սակայն, արդյունք չեն տվել.

«Այդ կարգը սխալ է, նաեւ այդ կարգի համար հասնող գումարը շատ քիչ է ու հնարավոր չի լինում տղայիս համար անհրաժեշտ բաներն ապահովել: Ստացվում է, որ նա ողջ է մնացել, բայց նրա կյանքը ոչ մեկին պետք չէ»:

Անի Գևորգյան