Հայտարարություն․ավելանում են լրագրողների և օպերատորների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները

33

Մայիսի 2-ին Երևանում ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Մասնավորապես՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նախ ագրեսիվ պահված  է դրսևորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակից Նարե Գնունու նկատմամբ՝ հարվածելով նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել է նույն կայքի օպերատոր Արման Ղարաջյանին ու վնասել տեսախցիկը։
Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ոստիկանների ու քաղաքացիների միջև բախման արդյունքում վատացել է «Yerkir.am» լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը, որին առաջին օգնություն է ցուցաբերվել։
Հերացի փողոցում իրավապահները հարվածել են «AntiFake.am» կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանի ուսին և խոչընդոտել նրա աշխատանքը, իսկ նույն կայքի մեկ այլ լրագրող Իշխան Խոսրովյանին քաշքշել են Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում։

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հերթական անգամ արձանագրում ենք, որ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակի ցանկացած սրացման պայմաններում ավելանում են նաև լրագրողների և օպերատորների նկատմամբ հարձակումներն ու ճնշումները։ Սա հաճախ նաև իրավապահ մարմինների ծառայողների անբավարար պրոֆեսիոնալիզմի և մարդկանց՝ այդ թվում նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ բարեկիրթ հաղորդակցվելու ունակություն չդրսևորելու հետևանք է»։

Վերջինս կառավարությունից պահանջում է՝

  • ծառայողական քննություն նախաձեռնել և պատասխանատվության ենթարկել ՊՊԾ-ի պետ Սարգիս Հովհաննիսյանին և իրենց լիազորությունները գերազանցած նրա ենթականերին,
  • համապատասխան ցուցումներ տալ և՛ ՊՊԾ-ին, և՛ Ոստիկանությանը, որպեսզի իրենց գործողություններով չխախտեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն նրանց նկատմամբ։