Լավագույն շահից է բխում, որ երեխայի մասնակցությունը հավաքներին չօգտագործվի մեծահասակների կարծիքն արտահայտելու համար. ՄԻՊ

28

Տեսակետը, թե երեխաները որևէ կերպ չեն կարող հավաքների մասնակցել, թյուր է, երեխաների՝ գիտակցված, տեղեկացված հավաքներին մասնակցության իրավունքը բխում է լավագույն շահից, բայց նաև լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասակների կողմից իրենց կարծիքն արտահայտելու համար: այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը հայտարարեց Քրիստինե Գրիգորյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ընդգծեց, որ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն էր: «Ցավոք սրտի, տեսանք նաև դեպքեր, երբ ատելության խոսքը կարող է արտաբերվել նաև երեխաների շուրթերով, որը կարծում եմ, որ պատասխանատու չէ և դատապարտելի է»,-ասաց Արշակյանն ու խնդրեց ՄԻՊ-ին, որ այդ հարցերը նրա ուշադրությունից չվրիպեն, համապատասխան արձագանք ստանան:

Նա հավելեց՝ պետք  է հետևողական ջանքեր գործադրեն, որ երեխաները չօգտագործվեն ատելության խոսքի քարոզի մասով:

ՄԻՊ-ը նշեց, որ երեխաների և երիտասարդների հետ իր շփումների արդյունքում լավ հիմք է տեսնում, երեխաներն իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացված են, պահանջատեր ու խիզախ՝ առաջարկները ներկայացնելու առումով: Առաջիկայում կհայտարարեն մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդության խորհուրդ ձևավորելու նախաձեռնության մասին, կլինի ընտրության գործընթաց:

«Ծաղիկներից, փուչիկներից անդին երեխաների իրավունքները բոլորի կողմից պետք է գիտակցված պաշտպանվեն: Ձեր կողմից վկայակոչված դեպքը չի վրիպել նաև մեր մոնիթորինգից: Այսօր մենք հայտարարություն ենք տարածել, օգտվել ենք բացված օրակարգից՝ մեկ անգամ ևս հիշեցնելու երեխայի լավագույն շահի մասին: Եվ մեր հայտարարության մեջ հստակ ենք ասել, որ երեխաների կարծիքի ազատ արտահայտման, գիտակցված, տեղեկացված հավաքներին մասնակցության իրավունքը, այո, բխում է լավագույն շահից: Բայց նաև պետք է հասկանանք, որ այդ լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասակների կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար: Այսինքն՝ դա պետք է լինի երեխայի տարիքին, հասունությանը համապատասխան տեղեկացված, գիտակցված մասնակցություն»,-ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ը շատ կարևորեց տեղեկացված լինելու մասը: «Նման ակցիաներին երեխաների մասնակցությունը ցավալիորեն բերում է նրանց թիրախավորման, կիբերբուլինգի»,-նշեց նա:

Պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հավելեց. «Վերջերս սոցիալական ցանցերում հայտնի հոլովակ կար, մասնավոր մանկապարտեզներից մեկի սաներին՝ 4-5 տարեկան երեխաների, իմ տպավորությամբ, կազմակերպված հանել էին դուրս, և երեխաները արտաբերում էին բառեր, որոնցից իրենք ակնհայտորեն չեն հասկանում: Չի կարող 4-5 տարեկան երեխան հասկանալ, եզրակացություններ անել դրա մասին և գոռալ: Դա դասական ատելության խոսքի տարածումն էր՝ 4-5 տարեկան երեխաների կողմից»: