«Արցախը փոխեց». Լրագրողները` պատերազմի ժամանակ

44

«Մինչ Արցախ գնալը ես ամբողջ կյանքս ինքս ինձ ասում էի, որ երբեք չեմ
պատերազմելու, դա շատ ուժեղ զգացողություն էր, որը միշտ ունեցել եմ, սակայն
Արցախը փոխեց այն»: Լիտվացի լրագրող Ավգուստինաս Շուլիանը այսպես է
խոսում 44-օրյա պատերազմին իր վերապրածի մասին:
Երեւանում առաջին անգամ անցկացվող «EVN Report» մեդիա փառատոնի
հյուրերը երեկ կիսվեցին պատերազմական լրագրության իրենց փորձով:
«Հիշում եմ, որ հետ գնացի, եւ գործընկերոջս ասացի. «Գիտե՞ս, ես կարծում եմ, որ
իմ երկրի պաշտպանության համար ես զենք կվերցնեի: Ոչ տեսախցիկով, ոչ իմ
գործով, ոչ, հենց զենքով կգնայի կկռվեի»: Չգիտեմ, ոչ մի այլ հակամարտություն
ինձ մոտ նման զգացողություն չէր առաջացրել, բայց Արցախում տեղի
ունեցողը ինձ մոտ նման վերաբերմունք առաջացրեց: Եւ այդ վերաբերմունքս
անընդհատ աճում էր առաջին հերթին այն գիտակցումից, թե ինչ փոքր
երկրում է դա տեղի ունենում: Դա այս փոքրիկ երկիրն է, որը դաժանորեն
հարձակման էր ենթարկվել եւ ինքնուրույն պաշտպանվում էր»,- նշում է Մեդիա
փառատոնի լիտվացի հյուրը լ«Պատերազմի լրագրություն» քննարկման
ժամանակ:


Լուսանկարիչ, վավերագրող Վաղինակ Ղազարյանը, ով 44-օրյա պատերազմին
արված իր «Քնած զինվոր» լուսանկարով հաղթել է հեղինակավոր World Press
Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթը, եւս
կիսվեց իր փորձառությամբ: «Ես ունեի Քառօրյա պատերազմի փորձը, դա էր
պատճառը, որ վերջին պատերազմի ժամանակ գիտեի այն ճանապարհները,
որոնցով տեղաշարժվելն ավելի անվտանգ ու արագ կլինի, նաեւ գիտեի, թե
ինչպես զգուշանամ ԱԹՍ-ներից»,- պատմեց լուսանկարիչը: Նրա խոսքով,
Արցախ մեկնելիս ինքն այնուամենայնիվ վերցրել էր իր զինգրքույկը, քանի որ
ամեն վայրկյան պատրաստ էր իր տեսախցիկը փոխել զենքի հետ:
Նշենք, որ «EVN Report» եռօրյա մեդիա փառատոնը տեղի ունեցավ «Հայարտ»
մշակութային կենտրոնում ու համախմբեց 20-ից ավելի տեղական եւ
միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների` ընդգծելու հավաքական
հիշողության եւ փորձառությունների արձանագրման գործում լրագրողների
առանցքային դերը։
«EVN report» առցանց վերլուծական, լրատվական հարթակի նախաձեռնած
փառատոնը ներառում էր պանելային քննարկումներ, զրույցներ,
աշխատարաններ, պորտֆոլիոների խորհրդատվություններ, ցուցահանդեսներ
եւ ֆիլմերի ցուցադրություններ, որոնք ընդգրկում էին մի շարք թեմաներ՝
պատերազմից մինչեւ քաղաքականություն: Կազմակերպիչները ոգեշնչվել են
The New Yorker festival-ից։