ՀՀ դատախազությանը խնդրում եմ վերանայել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը․ Արցախի նախագահ

224

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել․

Հարգելի հայրենակիցներ

Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը:

Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել և առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարևորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը: Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են և ունեն շարունակականության կարիք:

Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն: