Չեռնոգորիայի նախագահը հայ գերիների հարցը կքննարկի միջազգային գործընկերների հետ

43

Հակամարտությունների կարճատև լուծումներին հաջորդում են երկարատև տառապանքները, ինչի հետևանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար, այսօր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը։

Ազգային ժողովի խոսնակը կարևորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:

Չեռնոգորիայի նախագահն իր հերթին ընդգծել է՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլև միջազգային գործընկերների շրջանակում:

Ջուկանովիչը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն և որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարևորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի և Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում:

Օրերս Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև այս պահը հաստատված 39 գերի կա Ադրբեջանում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով` Ադրբեջանում պահվում է ևս 80 հայ գերի։