«2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը»,–այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այս իրադարձությունը տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում: Առաջիկայում՝ ավելի կոնկրետ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ:
«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար:
Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում»,–նշեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի էջում գրել է․
«25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։
Անձամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։ Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: