Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 67 կողմ ձայնով ընդունեց ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից:
Լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը կարող է դադարեցվել, եթե աշխատանքային կանոնների խախտման համար նախատեսված գրավոր նախազգուշացումից հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտել է այդ կանոնները:
«Քանի որ պրակտիկ կյանքում արձանագրում ենք մի քանի անգամ խախտում նույն լրագրողի կողմից, պետական մարմինը կդադարեցնի այդ լրագրողի հավատարմագրումը՝ լրատվամիջոցներին հնարավորություն տալով փոխարինել լրագրողին այլ լրագրողով: Կարծում եմ՝ սա փոփոխություն է պետական մարմիններում համակեցության կանոնները պահպանելու մասին, սա փոփոխություն է լրագրողների բնականոն աշխատանքն ապահովելու մասին»,- նախագիծը ներկայացնելիս ասաց համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը:
Նշենք, որ ընդդիմությունը ներկա չէր նիստին։ Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կանցկացվի 24-ժամյա ռեժիմով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: