ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ ընդդիմության ցույցերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր գնահատմամբ իրավիճակն այլևս քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետև ավելի շատ խոսվում է խցանումների մասին։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի ընդդիմությունն ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով իր ասելիքն ասել հանրությանը․

«Սովորաբար նման ակցիաների նպատակն է հանրությանը ներգրավվել պրոցեսի մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ։ Քանի որ ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա այդ գործընթացները արդեն ոչ թե իշխանության դեմ են, այլ այլևս հանրության դեմ են և ունեն հետևյալ տրամաբանությունը, որ եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ։ Քաղաքական ուժի ներկայացուցիչները ձեզ հայտնի ձևակերպումներին ավելացրել են․ մարդկանց համեմատում են, հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին»։

Փաշինյանի գնահատմամբ՝ այլևս քաղաքական նշանակությունը սպառված է, և տեղի ունեցողի հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է՝ վրեժ լուծելով նաև 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար․

«Մենք գործ ունենք քաղաքական ուժի հետ, որը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ։ Ընդդիմությունը կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոկ մաշեցնելու է, հիմա մենք տեսնում ենք՝ ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest