Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունների շեշտադրումները

58

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այս մասին հայտնել է երեկ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո։

«Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա:

Թե հայ-ադրբեջանական սահմանի ո՞ր հատվածում է տեղի ունենալու հանձնաժողովի նիստը, եվրոպական կողմը մանրամասներ չի հաղորդել: Հայկական ու ադրբեջանական կողմերը ևս լռում են՝ մինչ այս պահը առայժմ չբացահայտելով նաև, թե ովքեր են հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր կողմից:

Համատեղ հանձնաժողովի նիստերը միջպետական սահմանին անցկացնելն ի՞նչ է տալու Հայաստանին: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն արձանագրում է՝ այսպիսով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի գործընթացում նվազում է Ռուսաստանի դերակատարությունը:

«Մեծ հաշվով սկզբունքային տարբերություն չկա, թե այդ բանակցությունները որտեղ տեղի կունենան Մոսկվայում, թե հայ-ադրբեջանական սահմանին, բայց առաջին հերքին ընդգծվում է ՌԴ-ի մասնակցությունը նվազ պետք է լինի, ՌԴ-ին դուրս մեղելը բարդ է»,- ասում է քաղաքագետը:

Չնայած սահմանազատման հանձնաժողովի աշխատանքների մոտալուտ հնարավոր մեկնարկին՝ փորձագետները շեշտում են՝ գործընթացը կարող է տասնամյակներ տևել:

«Այդ գործընթացը կարող է երկար տևել, քանի որ ի վերջո խոսքը հազար կմ սահմանի մասին է: Կլինեն սահմանին հատվածներ որտեղ դեմարկացիան ամիսներ կամ տարիներ կտևեն և կլինեն տարածքներ որտեղ երեսուն տարի կտևի»-ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը:

Եվրոպական խորհրդի նախագահը, առանց հավելյալ մանրամասների, նշել է, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցի շուրջ:

Տիգրան Գրիգորյանը նկատում է՝ Բրյուսելի հայտարարությունը չի տալիս հայկական կողմի համար մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

« Այստեղ խնդիրը կայանում է նրանում, թե ով է վերահսկողություն իրականացնելու այդ ճանապարհների նկատմամբ, արդյո՞ք անցակետեր լինելու են, մաքսատուրքեր վճարելու են, կարծում եմ, որ ՀՀ-ն հետ չի կանգնի իր որոշումից, քանի որ միջազգային փաստաթղթերն իր օգտին են խոսում»,- ասում է նա:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը տրանսպորտային ուղիներն ապաշրջափակելու հայտարարության որոշ դրվագներ մտահոգիչ է համարում: Մասնավորապես, Նավասարդյանն ուշադրություն է հրավիրում «ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը Հայաստանի տարբեր հատվածների միջև Ադրբեջանի տարածքով» ձևակերպման վրա:

«Արդյո՞ք դա չի նշանակում, որ այս ձևակերպման հետևում թաքնված է Տավուշի տարածքով անցնող ճանապարհները, այսինքն այն կհայտնվի այն իրավիճակում, ինչ Սյունիքի ճանապարհների հետ եղավ»,- նշում է Նավասարդյանը:

Երեկ կայացած հանդիպման մասին տարածված հաղորդագրությունում մանրամասներ չկան խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքների վերաբերյալ: Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել էին բանակցել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Այս հայտարարությունից հետո Երևանը վեց կետ է առաջ քաշել Բաքվի հինգ կետերին զուգահեռ՝ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ սկսելու համար: Ադրբեջանական կողմից, ինչպես հայտարարել էր Արարատ Միրզոյանը, դրական ազդակներ չկան: Նշենք, որ Հայաստանն առաջարկում է բանակցել նաև արցախահայության անվտանգության և կարգավիճակի հարցերի շուրջ:

Նարեկ Կիրակոսյան