2021 թվականի նոյեմբերի 10-ից անհետ կորած պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանի ընտանիքը ծայրահեղ աղքատության ճիրաններում է հայտնվել: Օրեր են լինում, որ զինծառայողի 4, 6 և 7 տարեկան երեխաներն առանց հացի են անցկացնում: Վահե Մանուկյանի կինը՝ Լիաննա Մելիքսեթյանն է այս տեղեկությանը հայտնում և հավելում է՝ շուտով երեք անչափահաս երեխաների հետ դրսում է հայտնվելու, քանի որ տան վարձը չի կարողանում վճարել:
«Օրվա հացի փող չունեմ, հավատու՞մ ես: Մի հատ նպաստ եմ ստանում, 36 հազար դրամ: Վահեի աշխատավարձը հենց առաջին ամսից կտրել են, երբ պարզ դարձավ, որ նա չկա: Ծանր սոցալական վիճակում ենք, երեխաների օրվա հաց չեմ կարողանում հասցնել, տան վարձը չեմ կարողանում տալ, խանութներին պարտք եմ, վիճակս շատ վատ է: Հացի խնդիր ունենք, լինում է, որ տունը հաց չի լինում»,- ասում է նա:
Լիանան վարձով երեք երեխաների հետ ապրում է Եղեգնաձոր քաղաքում: Հիմա տան տերը դուրս է հրավիրում՝ մի քանի ամիս է վարձը չվճարելու պատճառով: Անչափահաս երեխաների մայրը խնդրում է, որ գոնե ամուսնու գյուղում՝ Գլաձորում հողատարածք հատկացնեն, որ կարողանա մի տնակ դնել ու երեխաների հետ գոյատևել:
«Գոնե հող հատկացնեն, տանեմ մի դոմիկ դնեմ, երեխաներիս հետ ապրեմ, վարձ չտամ: Շատ բան չեմ ուզում այս պետությունից, ընդամենը մի տեղ հատկացնեն ես իմ երեխաների հետ մնամ: Գլաձոր գյուղի գյուղապետն ասում է՝ տարածք չկա: Եթե հողը հատկացնեն, հույս ունեմ, որ մի բարերար կօգնի դոմիկ կառնեմ»,- ասում է նա:
Լիանա Մելիքսեթյանն արդեն վեց ամիս է ամուսնու գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:
Արգիշտի Քյարամյանի ղեկավարած ՔԿ-ն Վահե Մանուկյանին մեղադրում է դասալքության մեջ ու այդ հոդվածքով քրգործ է հարուցել: Այս հոդվածի պատճառով Լիանան չի կարողանում որևէ պետական ծրագրից օգտվել, քանի որ ամուսնուն մեղադրում են դիրքը լքելու մեջ:
«Փասխուստ են տվել, ոչ մի օգնությունից չեմ կարողանում օգտվել: Եկա պաշտպանության նախարարություն, դիմում գրեցի օգնության համար, բայց պատասխան է եկել, որ նա փախած է, մեզ օգնություն չի հասնում: Փախե՞լ է, թող գտնեն բերեն: Չեմ հասկանում՝ այս ինչ ղեկավարություն է, այս օրենքեր է»,- ասում է նա:
Փաստբան Վարդուհի Սարգսյանը դասալքության վարկածը քիչ հավանական է համարում: Տեղեկություններ կան, որ Վահեն մի դիրքից մյուս դիրքն է գնացել, որի ընթացքում անհետացել է: « Ըստ էության՝ նախաքննական մարմինն իրավունք ունի քրգործ հարոըցել դասալքության հոդվածով: Երկու հայկական դիրքերի արանքում գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք: Կասկածներ կան, որ ադրբեջանցիների կողմից սպանվել է կամ գերեվարվել է: Հավանականությունն 80 տոկոս է, որ գերեվարվել է:
Հիմա փորձելու ենք դատական կարգով իրեն ճանաչել անհետ կորած, որպեսզի ընտանիքը կարողանա պետության կողմից տրվող աջակցությունից օգտվի:
Վահեն պայմանագրային զինծառայող է եղել երեք տարի և պայմանագրի ժամկետը մի քանի օրից լրանում էր՝ անհետ կորելուց առաջ, նա պետք է նորից երկարաձգեր պայմանագիրը»,- ասում է նա:
Փաստաբանը դասալքության վարկածը բացառում է, քանի որ Վահեի՝ անհետ կորելու օրը մի մի քանի օր էր մնացել նրա ծառայողական պարտականությունների ավարտին: Չնայած, որ Վահեն ընտանիքում ասել է, թե երկարաձգում է:
ՔԿ-ից անորոշ պատասխան են տալիս Վահե Մանուկյանի գտնվելու վայրի վերաբերյալ:
«Այդ ձորը, որտեղ որ ասում են հավանական է, որ ընկել է զինծառայողը, չեն կարողանում մտնել, ձյուն է: Սպասում են ձյունը հալվի, որ կարողանան փրկարարների միջոցով իջնեն ձորը, տեսնեն դիակը կա, թե՝ չկա»,- ասաց ՔԿ խոսնակը:
Նարեկ Կիրակոսյան
ՀԳ. Վահե Մանուկյանի կնոջ` Լիանա Մելիքսեթյանի անունով Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար` 19300174636401։ Ցանկացողները կարող են ընտանիքին սոցիալական աջակցություն ցուցաբերել։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: