«Կարծես, թե ես չկամ». ցմահ դատապարտյալին ոչ ոք չի պատասխանում

106

2002 թվականից կալանավայրում անցկացրած դատապարտյալ Արամ Պետրոսյանն արդեն երկու տարի է, պահանջում է տարբեր պատկան մարմիններից կատարել օրենքի պահանջը, իրեն բաց ռեժիմի հիմնարկ տեղափոխել:

Անցյալ տարի տեղաբաշխման հանձնաժողովը փոխել էր Պետրոսյանի պահման ռեժիմը, սակայն կարճ ժամանականց դատախազությունը անհիմն ձևով կասեցրեց տեղափոխման որոշումը: Հունիսին ցմահ դատապարտյալին կրկին վերադարձրեցին «Արմավիր՚՚ ՔԿՀ կիսափակ հիմնարկ, իսկ սեպտեմբերին նա դիմեց հուսահատ քայլի՝ հացադուլ հայտարարեց և 28 օր անց դադարեցրեց այն, երբ ծայրահեղ հյուծված վիճակում էր: Նրան տեղափոխեցին կիսաբաց պահման հիմնարկ։

Արամ Պետրոսյանը համոզված է՝ անընդհատ բողոքելով, աղմուկ բարձրացնելով հնարավոր է արդարության հասնել: Նա անընդհատ նամակ-բողոքներ է ուղարկում տարբեր ատյաններ: Սակայն դատապարտյալին չեն պատասխանում: Նա տարիներով սպասում է, որ իրեն որևէ մեկը պատասխանի ու չի ստանում պատասխան:

2021թվականի հոկտեմբերի 1-ին, դեռևս հացադուլի մեջ գտվելու ընթացքում նա իրեն բաց կալանքի տեղափոխելու հարցով դիմել էր Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին: Անցել է կես տարի, բայց պատասխան չունի:

«Իմ նամակներին ամիսներով չեն պատասխանում: Մյուսներին գոնե մերժումներ են ուղարկում, թեև անհիմն են էդ մերժումները, բայց էլի ինչ-որ պատասխան է: Ինձ ոչինչ չեն ուղարկում, կարծես, թե ես չկամ առհասարակ: Կամ նամակները իրենց չեն հասնում, կամ էլ իրենք չեն պատասխանում: Բայց չէ որ այդ դիմումը ունի մուտք, ելք, կա իմ ստորագրությունը մատյանում, որ կա նման դիմում, որին, փաստորեն, մարդիկ որոշել են չպօատասխանել ու վերջ», — ասում է Արամ Պետրոսյանը:

Փետրվարի 22-ին նա ստիպված է եղել նոր նամակ ուղարկել Կարեն Անդրեասյանին և հիշեցնել, որ մի տարի առաջ դիմել էր իրեն:

«Դիմումիս մեջ շարադրված էին ռեժիմային փոփոխությունների հետ կապված և համատարած բնույթ կրող խնդիրները, որոնք շարունակվում են: Կրկին անգամ դիմում եմ ձեզ խնդրանքով պատասխանել ինձ, հայտնել Ձեր դիրքորոշումը և զբաղվել մեր խնդիրներով», — գրում է Արամ Պետրոսյանը:

Արամ Պետրոսյանը համարում է, որ պահման ռեժիմի խստացումը պատիժ է, որը վատթարացնում է նրա վիճակը, ուստի չի կարող կիրառվել առանց որևէ խախտման նրա կողմից, առանց հիմնավորված և ապացուցված որոշման և դատապարտյալին դրանց հետ ծանոթացնելու:

«Մինչդեռ դատախազությունը համատարած  խախտում է այս սկզբունքը: Խտրական վերբերմունք է դրսևորում ցմահների նկատմամբ, տարբերակում է դնում մեր և մյուս դատապարտյալների միջև: «Օրենքով, թե որոշակի ժամկետով դատապարտվածների, ցմահ ազատազրկվածների համար նախատեսված է նույն մոտեցումը՝ դատապարտյալների ուղղված լինելը բնորոշելու, ուղղման չափորոշիչների վերաբերյալ: Վերահսկող դատախազը չունի համապատասխան հոգեբանական կրթություն եւ չի կատարել համապատասխան հոգեբանական հետազոտություն դատապարտյալի վերաբերյալ, ում մասին կարծիք, ապա որոշում է կայացնում: Կողմնակալ որոշում»,- ԶԼՄ-ներին ուղղված նամակում ասում գրել էր Արամ Պետրոսյանը դեռ անցյալ տարի:

Մենք դիմեցինք Արդարադատության նախարարություն, պարզելու , թե ինչու դատապարտյալ Արամ Պետրոսյանի նամակներին չեն պատասխանում:

Այնտեղից պատասխանեցին. ՙՙՄենք ստացել ենք մեկ գրություն, որը ստանալուց հետո ուղարկել ենք Գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք պատասխանեն, քանի որ իրենց տիրույթում է: Բացի այդ, նախորդ ուրբաթ ստացել ենք ևս մեկ գրություն, որի պատասխանն ընթացքի մեջ է՚՚: Ցմահին մնում է միակ ելքը, որն էլ սովորաբար ամեն իրավիճակում նրան առաջարկում են պետական մարմինները՝ սպասել:

Հիշեցնենք, որ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն, դատապարտյալն իրավունք ունի  իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ և կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ:

Իսկ նույն օրենսգրքի 15-րդ հոդվածով դատապարտյալի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում և ընդունված որոշումների մասին տեղյակ պահել դատապարտյալին։

Սյուզան Սիմոնյան