Բուժքույր Աիդա Գաբրիելյանը 44-օրյա պատերազմի օրերին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բակ մտնող յուրաքանչյուր շտապ օգնության մեքենայում վիրավոր որդուն է փնտրել: Նրան պատերազմի 32-րդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, որդու՝ Սերգեյ Գաբրիելյանի ջոկից, հոսպիտալ տեղափոխված զինծառայողները հայտնել տղայի վիրավորվելու մասին:
«Վիրավորներին, որ բերում էին, ասում էին, որ ինքն էլ է վիրավորվել, հեսա բերելու են: Մեքենաներն անընդհատ վիրավորներ էին բերում, ինքը չկար: Մի տղա ասեց, որ Սերգեյը չի թողել իրեն հոսպիտալ տեղափոխել, որոշել է գնալ վիրավորի հետևից: Վիրավորին փնտրելուց ինքն էլ է վիրավորվել….հետո վերջին եկած տղան ասաց՝ Սերգեյը զոհվել է»,- հիշում է մայրը:
Սերգեյ Գաբրիելյանը զոհվել է պատերազմի դաշտում՝ վիրավոր ընկերոջը փնտրելիս: Նա ձեռքից վիրավոր լինելով հրաժարվել է տեղափոխվել հոսպիտալ, նախընտրել է օգնել ավելի ծանր վիրավորում ստացած ընկերոջը:
Ընկերոջը դեռ չգտած Սերգեյը երկրորդ վիրավորումն է ստանում՝ այս անգամ ոտքերից: Չի կարողանում քայլել: Թշնամու ԱԹՍ-ները սկսում են հրետանակործել Ուլյանասարը, որտեղ գտնվում էր Սերգեյն իր ջոկով:
Սերժանտ Գաբրիելյանին օգնության է հասնում իր ջոկից մեկ այլ զինծառայող, որին Սերգեյը հրամայում է հեռանալ՝ գիտակցելով, որ վտանգվում է նրա կյանքը ևս: Սերգեյ Գաբրիելյանն արնաքամ լինելով մահանում է: Որդու սխրագործությունը մորը՝ Աիդա Գաբրիելյանին, փոխանցել է Սերգեյի ցուցումով Ուլյանասարից հեռացած զինվորը:
«Սերգեյն ասել է՝ ինձ թող դու գնա, բայց ասա, որ գան ինձ այստեղից հանեն: Լուսաբացին է եղել դեպքը: Ընկերն ասում էր՝ չի ուզեցել թողնի Սերգեյին, բայց քանի որ ջոկի հրամանատարն է եղել, հրամայել է, զինվորն էլ գնացել է»,-ասում է մայրն ու նշում՝ որդու հետևից ոչ մեկ չի գնացել:
Մայրը որդու հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 28-ին՝ կեսգիշերն անց: Առավոտյան արդեն վիրավորվել է:
«Այդ օրն ասեց՝ մամա, սաղ լավ է, արխային մնա, մեր մոտ ամեն ինչ նորմալ է: Չգիտեր, որ ես տղաներից հարցնում եմ, որ մեզ մոտ էին տեղափոխում: Ինձ ասում էին, որ այնտեղ ուժեղ մարտեր են եղել՝ բայրաքթարներով ու մինամիոտներով բոմբիտ են արել, շատ վատ վիճակ է եղել»,- ասում է Աիդա Գաբրիելյանը:
Սերգեյի դին գտել են 2021 թվականի հունվարի 31-ին՝ ճիշտ այն նույն օրը, երբ պետք է ավարտեր ծառայությունն ու վերադառնար տուն: Նա բանակ էր մեկնել 2019 թվականի հունվարի 31-ին: Ծառայել է Մարտակերտում, ռազմական գործողությունների ժամանակ տեղափոխվել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի մոտակայքում գտնվող Ուլյանասարի դիրքեր: Աիյա Գաբրիելյանի փոխանցմամբ՝ որդու դին գտել են այն ծառայակցի օգնությամբ, որին Սերգեյը հրամայել էր գնալ և փրկվել: Մինչ հունվարի 31-ը տղայից նորություն չեն ունեցել:
«Այդ տղան տեսնելով իմ գրառումը, կապվեց մեզ հետ ասաց՝ Սերգեյը զոհվել, մնացել է այնտեղ, կարող եմ տեղը ցույց տալ»,- ասում է մայրը և նշում, որ որդու դին անճանաչելի գտել են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում:
Տիկին Աիդան նշում է՝ հրամանատարը զինվորների կողքին չի եղել: Այս դրվագով քրեական գործ կա հարուցված
«Ծնողները դատի են տվել կամանդիրին, որ երեխաներին թողել է կռվի դաշտում ու ինքը դուրս է եկել: Նահանջ հրամանատար չի տվել, ասում են՝ լավ կռվող տղա է, բայց որ ես հարցրեցի իմ տղայի տեղը, չգիտեր: Իրեն էլ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի մեդալ են տվել, ծնողներն էլ հունից դուրս են եկել, որ տղների տեղը չգիտի ոնց է մեդալ ստանում: Հերոսը նա է, ով զինվորին մենակ չի թողնում, եթե դուրս էիր գալիս մեր երեխաներին էլ հետդ հանեիր: Ես չգիտեմ՝ իմ տղան քանի օր է արնաքամ մնացել»,- ասում է նա:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: