Ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է

44

«Այսօր առավոտյան ինձ տեղեկացրեցին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դատավորի հետ կապված գաղտնի փաստաթղթեր է ինձ ուղարկել՝ հերթական անգամ բացահայտելով կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Անունները չհրապարակելու դեպքում հուսով եմ ինձ պատասխանատվության չեն ենթարկի՝ այս տեղեկությունը հայտնելու համար»,- այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ վեթինգը կա, շարունակվում է, բայց մեծ վեթինգի համար պետք են սահմանադրական բարեփոխումներ․

«Դեսպան Թրեյսին էլ դա նշեց, որ մենք չենք կարող մեկ օրում դատարկել ամբողջ դատական համակարգը և չունենալ արդարադատության կոլապս: Այն իրական աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, մեր նախարարության ամենաարդյունավետ ու ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը պատկերացում չունի: Մենք զբաղվում ենք նաև նոր դատարանների ստեղծմամբ, դատավորների ավելացմամբ, նրանց մասնագիտական պատրաստմամբ, դատավորների աշխատավարձի բարձրացմամբ: Մեզ համար ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է: Ամեն դատավոր պետք է իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որը օբյեկտիվ է, դա իրենց կորպորատիվ ընկերները չեն, որը կա էթիկայի հանձնաժողովում: Դա մի մարմին է, որը առանց ճնշումների, առանց յուրային ու ոչ յուրային նայելու՝ հարուցում է կարգապահական վարույթներ: Ամեն դատավոր պետք է իմանա, որ երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արդարադատության նախարարը բերում են այդ կարգապահական վարույթները ԲԴԽ, այնտեղ լինելու է արդար որոշում»,-  նշեց Անդրեասյանը: