28-ամյա Լեւոն Հարությունյանը Քառօրյա պատերազմին ժամկետային զինծառայող էր: Դա էր պատճառը, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին որպես կամավոր մեկնելով Արցախ, նա լավ էր պատկերացնում, թե ինչ է իրեն սպասվում:
Հայտնի է, որ ի սկզբանե Լեւոնը եղել է Մարտունի 2-ում, ապա տեղափոխվել է Ֆիզուլի:
«Երբ նա զանգում էր, երկար չէինք խոսում, չէինք ուզում, որ նրա համար վտանգավոր վիճակ ստեղծվեր: Նաեւ չէինք հարցնում, թե որտեղ է: Միայն նրա ձենը լսում` հանգստանում էինք: Հոկտեմբերի 24-ից հետո նրանից էլ լուր չունեցանք: Հետո ընկերներից իմացանք, որ Մարտունիից տեղափոխել էին Ֆիզուլի, ու թեժ մարտերը որոնց ինքը մասնակցել էր, հիմնականում եղել էին Ֆիզուլիում: Գիտենք, որ այնտեղ իրանք` մի խումբ տղաներով ընկել են շրջափակման մեջ: Դրանից հետո էլ զանգ չունեցանք… Մենք ամեն տեղ ենք նրան փնտրել: Կարմիր Խաչ ենք դիմել, հիվանդանոցներ…ձեռքի տակ եղած բոլոր համարներով զանգում էինք: Փնտրում էինք, հարցնում էինք, գնում էինք… Մենակ մենք չէինք, մեզ նման հազարավոր ընտանիքներ էին այդ ամենի միջով անցնում: Շատ դժվար էր: Ավելի ուշ մեզ տվյալներ ներկայացրին, որ ինքը ոտքերից վիրավոր է եղել, բայց նրան մահացած չեն տեսել: Ասում են` ընկերները նրան օգնել են, վիրակապել են, թողել են անտառում, որ հետո օգնության գան ու դուրս բերեն անտառից: Երբ զանգեցի հրամանատարին, ասեց, որ փորձել են մեքենա ուղարկեն, բայց մեքենան վարդի պես բացվել ա, չի հասել տղաներին: Ու այդ մեքենան… ու Լեւոնի պես բազմաթիվ տղաներ մնացել են անօգնական անտառի մեջ»,- պատմում է զոհված կամավորի մայրը` Հասմիկ Աղեկյանը:
Լեւոնը Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից էր, աշխատում էր Մեծամորում` Հայկական ատոմային կայանում, ռազմականացված պահպանության ջոկատում: Մայրը պատմում է, որ որդու մահից հետո այնտեղ ի հիշատակ նրա անկյուն է պատրաստվել:
Լեւոնն ամուսնացած էր, ունի փոքրիկ դուստր: Հարազատների խոսքով, փոքրիկը իրենց ուժ տվող միակ լույսն է: «Մեզ ուժ է տալիս երեխան: Ապրում ենք երեխայով, մեր լույսը բացվում է նրա հետ: Այդպիսի օր չկա, որ չխոսենք, գերեզման չայցելենք: Մենք այդ ցավով ապրում ենք: Ապրելը որն է, գոյատեւում ենք: Սա ապրել չի: Ու ես չեմ պատկերացնում, որ որեւէ ծնող այս ցավի հետ հաշտվի»,- ասում է տիկին Հասմիկը:
Ծնողները գտել են մի տեսանյութ, որն արվել է Արցախ մեկնող ավտոբուսում: Այնտեղ երեւում է, թե ինչպես են կամավորները խմում երեխաների ու հաղթանակի կենացն ու ասում. «Մենք հետ ենք գալու»: Լեւոնի հայրն ասում է` նրանցից կեսը հետ չեկավ: Հայրը` Հովհաննեսը եւս մասնակցել է 44-օրյա պատերազմին: Նա որպես ավտոբուսի վարորդ Հայաստանից Արցախ զինվորներ ու կամավորներ է տեղափոխել: Իմանալով դա, Լեւոնը հորը չի ասել , թե որտեղ է ինքը գտնվում. «Չասեց, որ իր մոտ չգնամ, չէր ուզում, որ իր տեղն իմանամ», — ասում է հայրը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: