Բաքուն խախտում է եռակողմ հայտարարության դրույթները և սպանում մարդկանց․ Արցախի ՄԻՊ

45

Եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է այս հայտարարության առաջին կետը՝ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին, ինչի հետեւանքով սպանվել են մարդիկ, խախտվել են մարդու կյանքի տարրական իրավունքները։ Այս մասին հայտնել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը՝ ներկայացնելով 2021 թվականի հաշվետվությունը։

«2020 թվականի նոյեմբերից Ստեփանակերտ քաղաքի, Ասկերանի, Մարտունու, Մարատակերտի շրջանների մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից պարբերաբար կրակոցներ են արձակվել հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետեւանքով քաղաքացիների ունեցվածքին նյութական վնաս է հասցվել։

Զուգահեռաբար, Ադրբեջանը շարունակել է տարբեր ձեւերով ոտնահարել հոգեբանական անձեռնմխելիության իրավունքները՝ տեղի բնակչությանն ահաբեկելու նպատակով՝ ստիպելով մարդկանց լքել իրենց տները։

Հայաստանի եւ Արցախի օմբուդսմենները շարունակել են սերտ համագործակցությունը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ատելության քաղաքականության եւ դրա հետեւանքների մասին համաշխարհային հանրությանը տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։ Այս համատեքստում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է տարբեր միջազգային կառույցների կողմից կազմակերպված քննարկումներին եւ ուղարկել շուրջ 200 նամակ։ Բացի այդ, զեկույցներ են ուղարկվել Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ գերիների եւ այլ կալանավորների նկատմամբ իրավունքների ոտնահարման մասին»,- ասել է Ստեփանյանը։