ՀՀ քննչական կոմիտեում քննություն է տարվում՝ N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով` 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու, ծանր վիրավորանք հասցնելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով: Որոշում է կայացվել քրեական գործի նախաքննությունը հանձնարարել քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:
Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ըստ քննչական կոմիտեի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հ․Գ․ Նշենք, որ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված Գարիկ Գալեյանը 2020թ․ արցախյան պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրն է։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: