Որդուս եթե զրահաբաճկոն տային, ողջ կմնար, բեկորը կպել է կրծքավանդակին. զոհվածի հայր

66

44-օրյա պատերազմի մասնակից Արեն Միրզոյանը զոհվել է զրահաբաճկոնի բացակայության պատճառով, կարծում է Արենի հայրը՝ Կարեն Միրզոյանը: Նա Forrighst.am-ի հետ զրույցում նշեց, որ որդուն առաջնագծում զրահաբաճկոն չեն տվել:

«Եթե զրահաբաճկոն լիներ՝ ողջ կմնար, զրահաբաճկոն չի ունեցել: Բեկորի հարվածը կրծքավանդակին է դիպչել, իսկ հագին զրահաբաճկոն չի եղել: Մինչև Արենի դեպքը իրենց խմբից 2/3-ն արդեն զոհվել էին զրահաբաճկոն չունենալու պատճառով:

Այդ օրերին, որ խոսում էի հետը հարցրեցի՝ ինչու՞ չես ուզում, պատասխանեց՝ հրամանատարը դիմել է, ասել են, որ հրետանուն զրահաբաճկոն չի հասնում: Սակայն, ինքը՝ հրամանատարը, հագին ունեցել է զրահաբաճկոն: Ես ցածր օղակի հրամանատարին չեմ մեղադրում, քանի որ ինքը կարող է և իր գումարով էր գնել»,- ասաց Կարեն Միրզոյանը:

Արենը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին՝ 19 տարեկան հասակում: ԱԹՍ-ի հարվածներից Արենը ողջ էր մնացել մինչև Մաճկալաշեն՝ Ամարասի վանքի մոտակա տարածք հասնելը: Հոկտեմբերի 19-ին, սակայն, թուրքական ԱԹՍ-ի հարվածային բեկորից Արեն զոհվել է:

Կարեն Միրզոյանը բացի զրահաբաճկոնների բացակայության մասին արտառոց տեղեկությունները փոխանցեց, որ որդուն 2020-ին տարել են առաջնագիծ, բայց ստիպել են ընտանիքի անդամներին ասել, թե ապահով վայրում են:

«Պատերազմը, որ սկսվում է, իրենց տանում են առաջնագիծ, բայց իրավունք չունեին տանել մարտական գործողությունների, քանի որ երեսուն օր են ծառայել: Իրենց տանում են Ջեբրայիլ՝ Արցախ ներխուժած թշնամական զորքերին դեմ հանդիման և, քանի որ իրավունք չունեին տանելու, ստիպում են նորակոչիկներին ընտանիքներին ասել, որ ապահով մի նկուղում են»,- ասաց Կարեն Միրզոյանը նշելով, որ որդին հեռախոսազրույցի ընթացքում է այս մասին հայտնել:

Հայրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ որդին բանակ է զորակոչվել հուլիսին: Մեկ ամիս մեկուսացրել են՝ պայմանավորված կորնավիրուսի համավարակով, երբ պատերազմը սկսվել է Արեն Միրզոյանը 45 օրվա զինծառայող է եղել և մյուս նորակոչիկների նման մարտական գործողությունների մասնակցելու փորձ չի ունեցել:

Հայրը նշում է՝ Զինված ուժերում առկա անօրինականությունների պատճառով որդին հակաօդային զորամասում ծառայության անցնելու փոխարեն ծառայության է անցել Արա լեռի զարմասում: Ընդ որում, ըստ Կարեն Միրզոյանի, Շուշիի զինկոմից են առաջարկել Արենին Հայաստան ուղարկել ծառայության՝ հաշվի առնելով ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից ունեցած բացառիկ գիտելիքները: «Վերջին պահին, սակայն, բոլորի համար անհասկանալի պատճառներով այլ տղայի են ուղարկել հակաօդային զորամաս»,- ասում է Կարեն Միրզոյանը:

Արեն Միրզոյանը հետմահու Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան