Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկում հավաքին մասնակից չդարձած անձանց․ՄԻՊ

155

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մինչ այս պահը ԶԼՄ հրապարակումների և տեսանյութերի ամփոփման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճանփեզրերից, մայթերից։

Պաշտպանի դիտարկմամբ՝ անընդունելի է համատարած ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը։ Մյուս կողմից, ակցիաների մասնակիցները պարտավոր են կատարել ոստիկանության ծառայողների հասցեական ու հստակ պահանջը՝ խուսափելով վարչական ձերբակալումից։

«Միաժամանակ, պետք է նշել, որ այսօրվա՝ մինչ այս ժամի մշտադիտարկմամբ ակնհայտ է, որ որոշ դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների երթևեկելի մասն ազատելու պահանջից հետո ակցիաների մասնակիցներին տրամադրել են ողջամիտ՝ 5 րոպե ժամանակ այն կատարելու համար, և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում անձանց վարչական ձերբակալման անհրաժեշտություն չի առաջանում»,- նշված է Պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ: