Բերման ենթարկվածների թիվը 414 է․արձանագրվել են ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր

62

Վաղ առավոտից ցուցարարները շարունակել են բողոքի անհնազանդության ակցիաները։ Նրանք խմբերով փողոցներ են փակել։
Անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 414-ի, ավելի վաղ Ոստիկանությունը հայտնել էր 286 բերման ենթարկվածների մասին։
Մայիսի 16-ի ՄԻՊ մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։

Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվասացնող արտահայտություն անելու դեպք՝ հակառակ Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, այն է՝ ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։
Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։ Շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։
Պաշտպանն այս առումով արձանագրում է․
«Տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ։ Իսկ Ոստիկանության ծառայողների բանավոր տրված այն հիմնավորումները, որ այդ մեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերցվել արգելանքի որևէ հանցագործության կասկածանքով՝ առանց նախաձեռնված որևէ քրեական վարույթի, քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստության շրջանակում՝ հիմնավոր և իրավաչափ չէ»։

Պաշտպանի խոսքով՝ նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։
Ոստիկանության բաժնում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից արձանագրվել է դեպք, երբ անձին բերման են ենթարկել 9:30-ի սահմաններում, մինչդեռ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանի» ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձին բերման ենթարկելու ժամ արձանագրվել է 10:00-ն:
Բաժնից դուրս գրելու ժամ է արձանագրվել 13:00, մինչդեռ 13:40-ի սահմաններում անձը դեռևս գտնվել է ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Պարզաբանել են, որ անձին տեղափոխում են Ոստիկանության մեկ այլ բաժին, քանի որ մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստել են նյութեր:

Պաշտպանը զգուշացնում է, որ անթույլատրելի է անձին սահմանված ժամկետից ավելին վարչական ձերբակալման հիմնավորմամբ ապօրինի պահելը, ավելին՝ դա ենթադրաբար թաքցնելու նպատակով գրանցամատյանում սխալ ժամ նշելը։
Այս և նմանատիպ այլ դեպքերի մասով Պաշտպանը համապատասխան գրությամբ դիմելու է իրավասու մարմիններին անձանց պատասխանատվության կանչելու պահանջով և հետամուտ է լինելու գործի քննության ընթացքին։