Ավետիք Չալաբյանի պաշտպանը բողոքարկում է կալանքի որոշումը

60

Կալանավորման որոշումից օրեր անց դատարանը փաստաբաններին մոտ մեկ ժամ առաջ է տրամադրել ընդդիմադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանքի որոշումը։
Փաստաբան Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ բողոքարկման գործընթացն այս պահին ընթացքի մեջ է։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը կալանավորվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու մեղադրանքով։

Փաստաբանի խոսքով՝ դատարանի որոշումը բացարձակապես հիմնավորված չէր, պարզապես շարադրված էր քննիչի միջնորդությունը․
«Կալանքի հիմքերի մասով շարադրված էր Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված բոլոր կալանքի հիմքերը՝ առանց որևէ պատշաճ հիմնավորման։ Բացի այդ՝ դատական ակտն ընդհանրապես պատճառաբանված չէ։ Պաշտպանական կողմի՝ դատական նիստի ժամանակ արտահայտած իրավական դիրքորոշումներին, վերլուծություններին ընդհանրապես անդրադարձ կատարված չէ »,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը։

Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, ինչից հետո նրան տարել էին ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ ընդդիմադիրների ցույցերին մասնակցող գործիչը ձերբակալվել էր համացանցում տարածված «Մեկ ուսանողի դիմաց 1000 դրամ՝ ընդդիմության ցույցերին մասնակցելու համար». վերնագրով անհայտ ծագման ձայնագրության հիման վրա։
Շրջանառվող ձայնագրությունից պարզ է դառնում, որ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել է նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը Չալաբյանի հետ։ Ըստ իրավապահներների, ընդդիմության հավաքներին 2 հազար ուսանող ներգրավելու դիմաց ուսխորհրդի նախագահին առաջարկել են 2 միլիոն դրամ։