Զինծառայողի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ՔԿ-ն շտապում է ինքնասպություն որակել

245

Այսօր արդեն 6-րդ օրն է՝ ինչ Շաքի համայնքում քննարկում ու չեն գտնել պատասխան, թե ինչն էր գյուղի 20-ամյա ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան պատճառը: Վարդենիսում ծառայող Արգիշտի Եղյանի դին հայտնաբերվել էր մայիսի 11-ի առավոտյան: Ուղիղ երկու օր անց Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն հայտնեց զինծառայողի ինքնասպանության մասին:

Արգիշտի Եղյանի ծնողները, հարազատներն ու համագյուղացիները բացառում են ինքնասպանության վարկածը: Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը նշում է՝ «Արգիշտի Եղյանին ճանաչողները գիտեն, որ նա նման քայլի ընդունակ չէր»,-ասում է նա և հիմնավորում. «Հոգեբանորեն շատ ուժեղ էր»:

Արգիշտի Եղյանը շուրջ մեկ ու կես տարվա ծառայող էր: Համայնքապետի խոսքով՝ ծառայությունից առանձնապես դժգոհություններ, իսկ ծառայակիցներից բողոքներ ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցներում չի հայտնել: Ընտանիքի անդամներն այս պահին լրագրողների հետ չեն ցանկանում խոսել, սակայն, հարազատներից մեկը հայտնել է, որ տղայի մարմնի վրա բռնության հետքեր կան։ Համայնքապետը նշում է՝ այս պահին այդ մասին չի ցանկանում խոսել, կարծում է ծնողները առաջիկայում կամքի ուժ կունենան խոսել դժբախտ պատահարից:

Արգիշտի Եղյանի մահվան դեպքով, որը ՔԿ-ն որակում է ինքնասպանություն, ձերբակալվեն են նրա երկու համածառայակիցները՝ «ինքնասպանության հասցնելու կասկածանքով»: «2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել»,- նշված է ՔԿ-ի հայտարարությունում:

Քննչական կոմիտեի վարկածը ոչ միայն անիրատեսական են համարում ընտանիքի անդամներն ու համագյուղացիները, այլ նաև դատապարտում են տասնամյակներ շարունակ զինծառայողների խախտված իրավունքերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունները:

Իրավապաշտպանները ՔԿ-ի աշխատելաոճն արատավոր համարելով պնդում են՝ նախաքննական մարմինը չէր կարող երկու օրում ինքնասպանության դատավճիռ կայացնել:

«ՔԿ տարածած հաղորդագրության մեջ վերջնական որակում են տվել  զինծառայողի մահվան դեպքին, նույնիսկ նկարագրել են ինքնասպանության դրվագը, կարծես 2  օրում քննությունն ավարտել են, հարցաքննել են ականատես վկաների, սա մի խայտառակ հաղորդագրություն է, որը խորը կասկածներ է առաջացնում առաջ քաշած վարկածի նկատմամբ: Փորձել են համոզիչ տպավորություն թողնե,, էսպես էլ տանելու են առաջ», ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

Ուշագրավ է, որ ՔԿ-ն գրեթե մշտապես է ոչ մարտական գործողությունների արդյունքում մահացած զինծառայողների մահը ինքնասպանություն որակում:

Արգիշտի Եղյանը ընտանիքի միակ տղան էր, ունի երկու քույր: Սովորում էր ԵՊՀ-ի լեզուների ֆակուլտետում:

Նարեկ Կիրակոսյան