Գեներալ Սամվել Կարապետյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել

102

Մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության գործով Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության և ապօրինի զենք պահելու հոդվածներով, հայտնում է Արցախի դատախազությունը։

Մայիսի 10-ին ձերբակալված Սամվել Կարապետյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

«Նկատի ունենալով մեղադրյալի կողմից դեպքի հանգամանքների վերաբերյալ գործով պարզված փաստական տվյալներին համահունչ ցուցմունքներ տալը, տուժողների ու ականատեսների հարցաքննված, գործով անհետաձգելի քննչական գործողությունների կատարված լինելը (հետևաբար նաև քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը), նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարելի է ապահովել անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոցի ընտրմամբ, ուստի քննիչի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ չհեռանալու մասին ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

***

Ավելի վաղ Արցախի դատախազությունը հայտնել էր, որ մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան։ Ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մայիսի 12-ին կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակական կարգի և ներքին անվտանգության դեմ ուղղված ոտնձգություններին. «Եթե ոստիկանության աշխատակցի վրա կրակում են անսթափ վիճակում գտնվող վարորդից կարգ պահպանել պահանջելու պատճառով, նշանակում է` այդ կրակոցն ուղղված է եղել պետության դեմ»,- ասել է Հարությունյանը։ Արցախի նախագահն նշել է, որ Արցախում օրենքի առջև արտոնյալներ չպետք է լինեն։