Ծնողները որդու մասին տեղեկություններ են փնտրում
Թեեւ 44-օրյա պատերազմից ավելի քան մեկ ու կես տարի է անցել, շատ ժամկետային զինծառայողների ծնողներ շարունակում են տեղեկություններ փնտրել իրենց որդիների մահվան հանգամանքների մասին: Նրանց թվում են 22-ամյա ժամկետային զինծառայող Սողոմոն Վարդանյանի ծնողները:
Սողոմոնը ծնվել էր արվեստագետների ընտանիքում, տաղանդավոր դաշնակահար էր, բանակ մեկնելուց առաջ սովորել էր նվագել նաեւ շեփորի վրա:
Նա հինգ ամիս շարունակ որոնվում էր որպես անհետ կորած, իսկ 2021-ի փետրվարի 18-ին ծնողներին պաշտոնապես հայտնել են, որ ԴՆԹ հետազոտության միջոցով հայտնաբերվել են Սողոմոնի մասունքները: Որդու հետ տեղի ունեցածի մասին ընտանիքը իրարամերժ տեղեկություններ է ստանում, մինչ օրս չի հաջողվում գտնել ժամկետային զինծառայողի վերջին օրերի եւ մահվան հանգամանքների մասին հստակ տեղեկությունները:
Սողոմոն Վարդանյանը ծառայում էր Որոտանում` Կուբաթլույում: Վերջին անգամ նա հարազատներին զանգել էր հոկտեմբերի 1-ին:
Ծնողներին հաջողվել է պարզել, որ մինչեւ հոկտեմբերի 4-ի առավոտ նա կռվելիս է եղել Ջրականում, որտեղից նահանջ է եղել եւ նա օգնել է մի կամավորի:
«Առավոտյան ժամը 10-12 ը եղել են Արա սարի եւ Նարնջի դիտակետի տարածքներում, բայց ոչ մոտ, քանի որ դրանք գրավված են եղել թշնամու կողմից։ Վիրավորին թողել են սարի լանջին, դասակի հրամանատարը բարձրանալով մի բարձունքի վրա եւ կողմնորոշվելով Արա սարով, զինվորներին ուղղորդել է նահանջել, իսկ ինքը գնացել է ավտոմեքենա բերելու : Մի քանի ժամ անց զինվորների մի մասը գնացել է մի ուղղությամբ, իսկ մի քանի հոգի՝ այդ թվում Սողոմոնը միացել են ՄՈԲ-ի խմբին: Բոլորը միասին՝ 20-30 հոգի, սարերի արանքով հեռացել են դեպի Հադրութի կողմ»,- պատմում է Սողոմոնի մայրը` տիկին Գայանեն։
Նրա խոսքով, Արցախի Վանք գյուղից մի մարդ՝ Վահան անունով, ով նույնպես կռվում էր Մարտակերտում, հոկտեմբերի 6-8-ին ռացիայով կարողացել է կապվել ոմն պահեստազորային փոխգնդապետ Արամի հետ եւ իմացել, որ Սողոմոնը կռվում է իր խմբում, Հադրութում։ Մեկ այլ հետախույզ տղայի՝ Կորյունի հավաքած տեղեկությամբ հոկտեմբերի 3-7-ին Սողոմոնին տեսել են Հադրութից դեպի Ջրական իջնող ոլորաններում:
«Մի ուրիշի էլ՝ որդուս ընկերոջ` Հրայրի տեղեկությունով էլ, որ Ջրականում պայմանագրային զինծառայող էր, ավագ լեյտենանտ էր, հնարավոր է տղաս կռվելիս է եղել Թութակ սարում մինչեւ հոկտեմբերի 15-ի կողմերը, բայց քանի որ այն հաց տանողը, որ ասել է, թե այդպիսի մեկը կա այնտեղ, զոհվել է, չկարողացանք պարզել իրողությունը»,- պատմում է տիկին Գայանեն եւ նշում, որ այսպիսով մինչ օրս պարզ չէ, թե ի վերջո որտեղ եւ ինչ հանգամանքներում է զոհվել իր որդին: Իսկ նման իրավիճակում բազմաթիվ հարցեր ու կասկածներ են առաջանում:
Պաշտոնական տվյալներով, Սողոմոնի մասունքները հայտնաբերվել են Թոզատեղ կոչվող վայրից, 2021թ.-ի հունվարի 16-ին, սակայն հստակ մահվան օրը չի նշվում:
Սողոմոն Վարդանյանի հարազատները փնտրում են մարդկանց, ովքեր պատերազմի օրերին տեսել են նրան, կարող են որեւէ նոր տեղեկություն հայտնել նրա մասին ու ի վերջո լույս սփռել տղայի կյանքի վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վրա:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: