Պատգամավորի որդին ևս հարվածել է գյումրեցի տարեցներին

134

Գյումրիում տարեց քաղաքացիների վրա հարձակվողներից մեկը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը: 23-ամյա Տարոն Մանուկյանը ձերբակալվել է: Իրավապահների փոխանցմամբ՝ մայիսի 8-ին, Գյումրիում տեղի ունեցած հակաիշխանական ակցիայի ժամանակ ընդդիմադիր մի քանի երիտասարդներ վիճաբանել են գյումրեցի չորս տարեցների հետ և նրանց հարվածներ հասցրել:

Մեր ուսումնասիրությունների և նույնականացումների արդյունքում պարզվեց, որ շրջանառվող տեսանյութում առկա երիտասարդները ՀՅԴ-ականներ են: Նրանք են՝ Արագածոտնի մարզի բնակիչ,  1991թ. ծնված Գոռ Սարգսյանը, Երևանի բնակիչ 1999 թ. Տարոն Մանուկյանը, Արարատի մարզի բնակիչ 1990թ. ծնված Արսեն Մարտոյանը և Հենրիկ Մարգարյանը:

Նրանք հարվածներ են հասցրել 74, 56, 72 և 84 տարեկան գյումրեցիներին: Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին:

Միջադեպը տեղի է ունեցել Գյումրու Երևանյան խճուղում: Տուժածներից ամենամեծը 84-ամյա Վասիլ Հարությունյանն է։ Նա պատմում է, որ փողոց է դուրս եկել այն ժամանակ, երբ ընդիմադիրները տարածքում են եղել: 84-ամյա Հարությունյանը միջամտել է, երբ տեսել է, որ ծեծում են հարևանին, բայց ինքն էլ է բռնության ենթարկվել։ Երրիտասարդներն առաջինը հարձակվել են  Համլետ Մարտիրոսյանի վրա։ Նա պնդում է, թե դուրս էր եկել խանութ՝ ձու գնելու։

«Առաջարկություն եղավ միտինգին մասնակցելու, հրաժարվեցինք, մեզ թուրք ասացին, մեր կողմից հավկիթով խփեցին, իրենք էլ իջան ու տեղի ունեցավ միջադեպը»,- ասում է Մերուժան Յայլոյանը:

Ընդդիմադիրներն այս միջադեպով իրենց երիտթևի մասնակցությունը արդարացնում էին՝ նշելով, որ տղաները սադրանքի զոհ են դարձել:

Նարեկ Կիրակոսյան