Զոհված նորակոչիկ Արմեն Խանգալդյանի ծնողները 44-օրյա պատերազմից 1 տարի եւ 8 ամիս անց դեռ տեղեկություններ են փնտրում նրա մահվան հանգամանքների, տեղի ու օրվա մասին:
Արմենը ծնվել էր 2020 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում: Արմենը «Պատանի Երկրապահ» միության անդամ էր, շտապում էր մեկնել ծառայության, որ վերադառնալուն պես շարունակեր ուսումն ու պատմաբան դառնար: Վիճակահանությամբ նա ծառայությունը անցկացնում էր Ջրականում:
Զինվորի մոր` Ելենա Խանգալդյանի խոսքով, որդուց վերջին անգամ զանգ է հնչել հոկտեմբերի 19-ին. «Դրանից հետո նրա մասին այլեւս լուր չենք ունեցել: Վերջին անգամ նրան տեսել եմ հուլիսի 16-ին, երբ ճանապարհում էի բանակ: Դրանից հետո միայն հեռախոսով եմ լսել նրան: Սեպտեմբերի 27—ին երբ պատերազմի լուրը ստացա, անհանգստացա, անընդհատ զանգում էի, բայց կապ չկար: Հետո ինքը զանգեց ու ձայնը ոնց որ հանգիստ լիներ»:
Մոր խոսքով, որդին վստահեցնում էր, որ իրան վտանգ չի սպասռնում, որ իր մոտ ամեն ինչ հանգիստ է, նույնիսկ մի քանի անգամ հեռախոսով քրոջն օգնել է դասերը պատրաստել.
«Վերջին օրը երբ ինքը զանգեց` ամսի 19-ին, բոլորի հետ խոսաց: Քեռու հետ, քեռակնոջ հետ, իմ հետ, հոր հետ, քրերի հետ, պապիկի հետ: Բոլորի հետ այդ օրը խոսեց… Ինձ ասեց` մամ, հանգիստ մնա, գալու եմ… մինչեւ իրա գտնվելու օրն էլ ես հույս ունեի, որ ինքը գերի ա: Մինչեւ հիմա էլ չեմ հավատում, որովհետեւ իրան փակ դագաղով են բերել, վեց ամիս հետո են գտել: Մինչեւ հիմա էլ ես հույսով եմ, որ ինքը կգա… ես հավատում եմ: Հիմա ես գնում եմ գերեզման, լացում եմ, բայց սրտիս խորքում ես իրան սպասում եմ: Երկու ամիս հետո ինքը պետք է տուն վերադառնար…»
Արմենի հարազատների խոսքով, այն, որ նրա մահվան հանգամանքների մասին մինչ օրս որեւէ պաշտոնական տեղեկություն չկա, իրենց մոտ բազմաթիվ կասկածներ է առաջացնում:
«Այսքան ժամանակ է անցել, բայց մինչեւ հիմա մեզ ոչ ոք ոչ մի բան չի ասում: Մեր գյուղից զոհված Գեւորգի մասին, օրինակ, ամեն ինչ հայտնի է, բայց Արմենի մասին ում հարցնում ենք, ոչ մեկ չի ճանաչում նրան: Պարզ է, նա ընդմաենը երկու ամսվա ծառայող է եղել, բայց գոնե մի բան ասեն մեզ: Անգամ այն ժամանակ երբ մեզ կանչեցին Արտաշատի վայենկոմատ մեդալ տալու, սխալ տվյալներ են ասել մեզ: Նրա վերջին զանգը եղել է ամսի 19 լույս 20-ի գիշերը, բայց ասում են, թե նա ամսի 14-ին է զոհվել: Այդպիսի բան չի կարող եղած լինել: Ասում են, թե մասունքները գտել են Հորադիզում, բայց վերջին տվյալներով Արմենը պետք է Ֆիզուլիում եղած լիներ»,- ասում է Ելենա Խանգալդյանը:
Նրա խոսքով, դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ այլեւս հնարավոր չի լինի որեւէ տեղեկություն գտնել որդու մասին. «Որեւէ բան չեն ասում, բայց գոնե նրանից մի բան տային, գոնե գոտի, գլխարկ կամ խաչը, որ ես ճանաչեմ ու համոզվեմ, որ մասունքները, որ ինձ հանձնել են, իսկապես իմ որդունն են»:
Զոհված զինվորի մայրը այժմ բալիկի է սպասում: Ասում է` ուրախ է, սակայն երբեւէ ոչ մի կերպ հնարավոր չի լինելու լրացնել Արմենի բացակայությունը:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: