Մտահոգիչ է, որ երեկ էլ ունեցանք բռնության դեպքեր․ ՄԻՊ

123

Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Հարց ու պատասխան» ձևաչափով այսօր հանդիպում էր կազմակերպել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ:

Պաշտպանի հաստատության անցած տարվա դիմում-բողոքների ուսումասիրությամբ ստացվել է տեղեկատվության ազատության իրավունքի խախտման 87 դիմում-բողոք։ Պաշտպանի խոսքով՝ շատ հաճախ պետական հաստատությունների կողմից տեղեկատվության ստացման հարցման պատասխանները տրվում են ժամկետների ուշացումներով, և երբեմն պատասխանները բովանդակազուրկ են․

«Մեր հաստատության տարեկան հաղորդման մեջ անդրադարձել ենք այն ցավալի դեպքերին, երբ լրագրողները ենթարկվել են բռնության, և այս առումով մտահոգիչ է, որ մենք երեկ էլ ունեցանք նման դեպքեր, երբ մասնագիտական իր գործունեությունն իրականացնող, հավաքը լուսաբանող լրագրողը ենթարկվել էր բռնության, հատկապես անվտանգության ոլորտում բարձրաստիճան պետական պաշտոնատար անձի կողմից»,-նշեց օմբուդսմենը։

ՄԻՊ աշխատակազմի կողմից 8 ոստիկանական բաժանմունք է ծածկվել երեկ ամբողջ օրվա ընթացքում։ Պաշտպանի հաստատության ներկայացուցիչները շփվել են 150-ից ավելի բերման ենթարկված անձանց հետ։ Հիմնական խնդիրները մի քանիսն են եղել։ Առաջինը ոստիկանության կողմից անձանց բերման ենթարկելիս կանոնների խախտումներն են, մասնավորապես պահանջը չներկայացնելը կամ ոստիկանական բաժանմունքում նրանց իրավունքները չբացատրելը, լռության իրավունքից օգտվելու իրացմանը խոչընդոտելը։ Հաջորդը ոստիկանության բաժանմունքում անձանց սահմանված ժամկետից(3 ժամ) երկար պահելն է։ Վերջինս արձանագրել է նաև բերման ենթարկելիս անհամաչափ ուժի գործադրումը․

«Արձանագրել էինք դեպքեր, երբ անձը շարժման դժվարություններ էր ունեցել, ձեռնափայտով էր շարժվել սակայն նրան բերման ենթարկելիս անհամաչափ ուժ էր կիրառվել, հաշվի չէր առնվել անձի նման վիճակը»,-ասաց Գրիգորյանը։

Խոսելով ԶԼՄ-ների ազատության սահմանափակումների մասին՝ Գրիգորյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների կողմից կա նախաձեռնություն ԶԼՄ-ների մասին օրենքում հավատարմագրման հետ կապված փոփոխություններ կատարելու մասին․

«Մենք հրավիրել ենք նախաձեռնության հեղինակին, ներկայացրել ենք մեր մտահոգությունները, նախագիծը լրամշակման է ենթարկվել և ուղարկվել է մեր գրասենյակ, որպեսզի մեր կարծիքը հայտնենք: Պատգամավորներին կոչ ենք արել ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության վերաբերյալ որևէ նախագիծ մինչև ԱԺ նիստերում քննարկում սկսելը քննարկել լրագրողների հետ: Այս նախագիծը լրագրողների հետ չի քննարկվել, և շատ խնդիրների աղբյուրը գալիս է հենց սրանից»,- նշեց ՄԻՊ-ը: