Հեղափոխության ընթացքում հռչակված սկզբունքները հետ են նահանջում, և իշխանությունը փորձում է բիրտ մեթոդներով հարաբերվել լրատվամիջոցների հետ․ Աշոտ Մելիքյան

81

«Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք արվել են վերջին մեկուկես– երկու տարիների ընթացքում և որոնք իմ բնորոշմամբ ռեգրեսիվ են, ցույց են տալիս, որ այն սկզբունքները, որոնք հռչակվել են հեղափոխության ընթացքում, հետ են նահանջում, և իշխանությունն ավելի շատ փորձում է բիրտ մեթոդներով հարաբերվել լրագրողների և լրատվամիջոցների հետ»,– այս մասին «Լրագրողների հանդեպ բռնություններ. այսօր Մամուլի ազատության օրն է» թեմայով քննարկման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։  

ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ տարօրինակ էին այն կադրերը, երբ երևում էին՝ ձեռքերը ծալած ցուցարարին կողքից մոտենում  և հարվածներ է հասցնում կարմիր բերետավորը, այս ամենը պետք է իշխանության ուշադրության կենտրոնում լինի։ Աշոտ Մելիքյանի պնդմամբ՝ եթե իսկապես վարչապետը տեր է կանգնում իր խոսքերին, գոնե հիմա  պետք է միջամտի և համապատասխան միջոցներ ձեռնարկի։

«Եթե մենք համեմատում ենք ներկայիս իրողությունն այն ամենի հետ, ինչ ասվել է հեղափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից, սարի ու ձորի տարբերություն է»,– նշեց բանախոսը։