Ոստիկանությունը կիրառում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ չեն կիրառվում, բերման է ենթարկվել 244 մարդ

41

Այսօր՝ ժամը 8։30-ից ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ ցույցերին մասնակցող 244 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոննիսյանի տեղեկացմամբ՝ ՀԿ-ի թիմը առավոտից հետևում է բողոքի գործողություններին։ Մեդիակենտրոնում կազմակերպված «Ակնհայտ ապօրինի բռնություն ցուցարարների ու լրագրողների նկատմամբ» թեմայով ասուլիսին Իոննիսյանն ասաց, որ բռնության դեպքերը եղել են ոչ այնքան վիճաբանություն, այլ հասել են թեթև բռնության՝ հիմնականում ցուցարարների ու վարորդների միջև։ Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից բռնության դեպքերին, վերջինիս խոսքով չի նկատվել հատուկ միջոցների կիրառում, առանձին դեպքերում միայն ձեռնաշղթա։ Ոստիկանությունը հիմնականում կիրառում է ֆիզիկական ուժ և ոչ բոլոր դեպքերում է բանավոր ներկայացնում իր պահանջը։ Որպես կանոն նախազգուշացում լինում է, բայց ոչ միշտ։ Իրենք երկու դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Դատախազություն.

«Բերման ենթարկելու ընթացքում մեկ քաղաքացուն ծառայողներից մեկը երեք անգամ բռունցքով հարված է հասցնում՝ ակնհայտ անտեղի։ Քաղաքացին այլևս չի դիմադրում, չի կարողանում դիմադրել, քանի որ ծառայողները բերման են ենթարկում բավականին ինտենսիվ կերպով։ Այս դեպքով մենք արդեն հաղորդում ներկայացրել ենք Դատախազություն։ Հաջորդ դեպքը տեղի է ունեցել Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում, ժամը 10։30-ի միջակայքում, որտեղ ԱԱԾ-ն, ծառայության աշխատակիցներ, բռնություն գործադրելով, խոչընդոտել են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը։ Այս դեպքի մասով կրկին հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որովհետև կադրերում ակնհայտ երևում է՝ ծառայողների համար պարզ էր, որ դա լրագրող է»-նշեց Իոննիսյանը։

Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում այսօր միջադեպ էր տեղի ունեցել Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի, ոստիկանական աշխատակիցների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջադեպի տեսագրությունում երևում է, որ Հովհաննիսյանը սկզբում ոտքով հարվածում է օպերատորին, որը նկարահանում էր իրեն, ապա ձեռքով հրում լրատվամիջոցի միկրոֆոնը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում: Ավելի ուշ նրան ուղեկցողներից մեկը հրում է օպերատորին, ինչից հետո քաշքշում և ոտքով հարվածում:

ՀԿ-ի ղեկավարը նաև հավելեց, որ պարեկային ծառայությունն այն միակ ոլորտն է, որը կոնցեպտուալ փոփոխություն է կրել։ Ոստիկանության մյուս բոլոր ծառայություններում, կառույցներում և գործառույթներում ըստ իրեն՝ էական բարեփոխումներ տեղի չի ունեցել։

Արման Թաթոյանը նշյալ դեպքերի առթիվ գրառում էր արել՝ դիմելով ՊՊԾ պետին և վերջինիս ենթականներին, որում ասվում է, որ ոստիկանների կամ հանրային վայրում ծառայություն իրականացնող պետական ցանկացած ծառայողի կողմից ուղղակի պետք է բացառվի բռնության ցանկացած դրսևորում, և, որ պետք է բացառվի կարգավիճակից դուրս, հետևաբար՝ օրենքը խախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ քաղաքացու նկատմամբ որևէ տեսակի անհարգալից վերաբերմունք կամ վիրավորանք.

«Չհամարձակվե´ք մյուս անգամ նման բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ: Դա օրենքի կոպիտ խախտում է և դուք դրա իրավունքը չունեք: Վերջ: Չհամարձակվե´ք մյուս անգամ բռնություն գործադրել մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ կամ խոչընդոտել նրանց աշխատանքը՝ այն էլ նման արհամարհական պահվածքով»,-գրել է Թաթոյանը։

ՄԻՊ-ն այս առումով ավելի վաղ հայտարարություն տարածեց՝ նշելով, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն առավոտից աշխատում են ոստիկանության բաժիններում՝ բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման հարցերով խորհրդատվություն տրամադրելու և խախտումների արձանագրման ուղղություններով։ Միաժամանակ իրականացվում է սոցիալական ցանցերի ու մամուլի մշտադիտարկում՝ դեպքերին առավել արդյունավետ արձագանքելու և Պաշտպանի լիազորությունների շրջանակում անձանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Վերջինս մանրամասն տեղեկությամբ հանդես կգա ավեի ուշ։