«Մի անգամ պատժված ոստիկանը երկրորդ անգամ նման քայլի չէր գնա». իրավապաշտպան

298

Ընդդիմադիր ուժերի հակաիշխանական ցույցերը ուղեկցվում են ոստիկանների և հատուկ ծառայությունների ծառայողների կողմից  կիրառվող աննախադեպ բռնություններով: Մայիսի երկուսին աղմկահարույց մի քանի դեպք է արձանագրվել: Ոստիկանության զորքերի ծառայողը չկաշկանդվելով լրագրողների և ուղիղ եթերի ռեժիմով միացված տեսախցիկների առկայությունից անթաքույց բռունցքներով հարվածում էր բերման ենթարկվող քաղաքացուն: Հարվածներն այնքան դաժանորեն էին հասցվում քաղաքացուն, որ Երևանի կենտրոնում սեփական հայրենակցին ծեծող ոստիկանի ձեռքից գործընկերներն են փրկում:

Մեկ այլ դրվագում չորս-հինգ կարմիր բերետավոր բռնել են մեկ քաղաքացու մարմնի տարբեր մասերից և յուրաքանչյուրը քաշում է իրեն մոտ գտնվող ոստիկանական մեքենան:

Իսկ ահա միջադեպերի գլուխգործոցը Ազգային անվտանգության ծառայության Պետական պահհանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից ապահովվեց: Վերջինս ձեռքով ու ոտքերով հարվածում էր ուղիղ եթերում աշխատող «ՄեդիաՀաբ» լրատվամիջոցի տեսախցիկին: Հովհաննիսյանին այս հարցում օգնում էր ՊՊԾ-ի մեկ այլ ծառայող:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովող Սարգիս Հոհաննիսյանը հարձակվում է գործում ՀՀ քաղաքացու վրա: 2020 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՊԾ պետ նշանակվելուց  5 օր առաջ, Հովհաննիսյանը ոտքով հարված էր ՀՓՇ-ի ակցիայի մասնակիցներից մեկին: Կադրերն անգամ միջազգային մամուլը տարածեց:

Այս և մյուս դեպքերից միայն առաջինով է ծառայողական քննություն նշանակվել: ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հարություննյանը Ֆրանսիայի հրապարակում գրեթե բացառում էր միջադեպի իրական լինելը՝ մինչև այն պահը, երբ առաջարկեցինք դիտել ծեծի տեսանյութը: Նա միայն վստահեցրեց, որ արդար քննություն կիրականացվի:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրավապահ համակարգը շարունակելու է բռնություններ կիրառել, քանի այդ կառույցներում վեթթինգ և լուստրացիա տեղի չեն ունեցել:

«Այդպես էլ պետք է լիներ, երբ փոքր դետալային փոփոխությունները ներկայացվում են որպես համակարգային, արդյունավետ և բովանդակային փոփոխություններ, ես այլ բան չէի սպասում: Ես կանխատեսում էի, որ ինչ-որ պահի, երբ անհրաժեշտություն լինի կիրառել ֆիզիկական բիրտ ուժ, իշխանությունները գնալու են այդ գործողությունների, նման հրահանգ են տալիս: Ոչ մեկ չպատժվեց ու պատասխանատվության չենթարկվեց, որովհետև մի անգամ պատժված ոստիկանը երկրորդ անգամ նման քայլի չէր գնա»,- ասում է նա:

Կառավարության որոշմամաբ՝ մեկ ամիս առաջ, իրավապահ համակարգին՝ այդ թվում, ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, 4,1 մլրդ դրամ հատկացվեց: Գումարը նաև ծառայողների հավելավճարներին է ուղղվելու: Իրավապաշտպանը նշում է՝ այդ գումարը նաև իշխանությունների կողմից իրավապահ համակարգին շնորհակալություն հայտնելու տարբերակ էր:

«Համակարգերից տեղի չուեցավ այն մարդկանց հեռացում, որոնց կատարած արարքների համար պետք է քրեական գործեր հարուցվեին: Իսկ այդ գումար հատկացնելը շնորհակալություն հայտնելու մի ձև էր՝ հավատարմությունն իրենց նկատմամբ ֆիքսելու: Հեղափոխությունից հետո բազմաթիվ դեպքեր ունեցանք ոստիկանության պաշտոնյաների հանցագործությունների կոծկման՝ այս իշխանությունների կողմից, ավելին նրանք բարձ պաշտոններ ստացան և ուսադիրների վրա ավելի շատ աստղերի քանակով: Հիմա զարմանում եմ, որ Օսիպյանն ու Երանոսյանը դժգոհում են, սա իրենց բուծած ոստիկանությունն է: Ցավում եմ, որ մեջտեղում ոչ մի հանցագործություն չարած քաղաքացին է տուժում»,- ասում է Նինա Կարապետյանցը:

Տարակուսելի է, որ ոստիկանության այս բռնությունների ֆոնին իշխանության ներկայացուցիչները՝ ՔՊ-ական պատգամավորները, ֆեյսբուքում «ոստիկան-շնորհակալություն» ֆլեշմոբ են սկսել: Նրանք շնորհակալություն են հայտնում ոստիկաններին իրենց աշխատանքը կատարելու համար: Նինա Կարապետյանցը նշում է՝ իշխանություններին չի անհանգստացնում, որ ոստիկանները բռնություն են կիրառում, այլ նրանց համար կարևոր էր, որ իրենք չենթարկվեին բռնության:

«Կյանքը եկավ ապացուցելու, որ այդ բոլոր դերակատաները խնդիր էին տեսնում, որ ոստիկանությունը բռնություն է կիրառում մարդկանց նկատմամբ, այլ, որ ոստիկանությունն իրենց նկատմամբ է բռնություն կիրառում: Այն կողմը, որը երբեք չի խորշել բռնություն կիրառելուց, չի խորշել արդարացնելու ոստիկաններին, իրենք համարում են բնականոն ընթացք: Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ լոզունգներով եկան իշխանության և ինչ դարձան:

Իրենց ընդդիմություն համարող կողմն էլ չպետք է բողոքի այս գործընթացներից, որովհետև սա այն է, ինչը իրենք ցանել են: Սա այն է, ինչի համար ժամանակին շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանը, երբ բռնության էին ենթարկում հակառակ կողմին: Իշխանությունների համար խնդիրը ոստիկանության անհամաչափ ուժ կիրառելու մեջ չէ, այլ նրա մեջ է, թե՝ ում են ծեծում, իրենք թե դիմացիներին»:

Նարեկ Կիրակոսյան