Ցմահ դատապարտյալների բողոքները, կարծես թե լսվեցին:
Արդարադատության նախարարության տեղաբաշխման հանձնաժողովը օրերս փոփոխել է ցմահ դատապարտյալներ Արտակ Ալեքյանի և Արմեն Տեր-Սահակյանի պահման ռեժիմները, վերահաստատելով նրանց կիսաբաց ռեժիմում պահելու նախկինում ընդունված որոշումը:
Հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ հանձնաժողովը փակից կիսաբաց ռեժիմ էր տեղափոխել նշված անձանց, սակայն դատախազությունը կրկին կասեցրել էր հանձնաժողովի ընդունած որոշումները, ցմահներին ճանապարհելով փակ խցեր:
Այս փակել-բացելը նրանք և նրանց ընտանիքները ամեն անգամ ծանր են տանում, դիտարկելով որպես հոգեբանական խոշտանգում դատախազության կողմից իրականացվող:
Արտակ Ալեքյանի հարազատները պատմում են, որ իրենց համար որոշումն այս ցնցող անակնկալ է եղել: «Ես տանը նստած, մտքերով, մտածում էի, ոնց պետք է գնամ նախարարի մոտ: Մեկ էլ զանգեց Արտակը: Պարզվում ա, իրան կանչել են, ասել են՝ մարդ է եկել քեզ մոտ, արագ հագնվել է, գնացել-տեսել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին: Նրա ներկայությամբ էլ բերել են, թուղթը տվել են, որ ստորագրի, որ ռեժիմը բացել են: Մեզ համար ա հրաշք էր, որովհետև ունեինք նախարարի թուղթը, որ Արտակին էլի տարել են կիսափակ», — պատմում է Ալեքյանի հայրը՝ Գևորգ Ալեքյանը:
Այժմ հարազատները պատրաստվում են գնալ «Արմավիր» ՔԿՀ-ի կիսաբաց ուղղիչ հիմնարկը, Արտակ Ալեքյանին տեսակցելու: Իսկ նա նոր ստեղծագործական լիցք է ստացել: Ավելի մեծ ոգևորությամբ է փոքրիկ եկեղեցիներ, հուշանվերներմ արվեստի այլ գործեր պատրաստում, իրեն գրեթե ազատության մեջ է զգում: «Դուրս եմ գալիս խցից, զբոսնում եմ ամբողջ օրը և երջանիկ եմ, որ գիշերվա մինչև գիշերվա տասնմեկը կարող եմ դրսում լինել, հետո էլ գնալ հանգիստ քնել», — ասել է Արտակը ծնողին:
ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի վերաբերյալ մարտի 10-ին ընդունված ԱՆ Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը դատախազությունը կասեցրել էր վերանայման հիմքով: Հանձնաժողովը կրկին հավաքվեց, նիստ արեց և որոշեց, որ Արմեն Տեր-Սահամյանը պետք է պահվի մեկուսացվածության ամենամեղմ աստիճանի պայմաններում, այսինքն, կիսաբաց ուղղիչ հիմնարկում:
Ապրիլի 25-ին Արմեն Տեր-Սահակյանին տեղափոխեցին կիսաբաց հիմնարկ: Նրա որդին՝ Աբգար Տեր-Սահակյանը պատմում է, որ նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը պապիկ է դարձել, ծնվել է իր տղան: «Հենց էդ օրն էլ պապային տարան գաղութ», — ասում է Աբգար Տեր-Սահակյանը: Նա իր որդու անունը Արմեն է դրել, հոր պատվին:
Արմեն Տեր-Սահակյանին, որը 25 տարի կալանավայրում է, կիսաբաց ռեժիմ տանելու վերաբերալ քրեակատարողական հիմնարկը որոշումներ է կայացրել՝ 2020 և 2021 թվականին: Անցյալ տարի Տեր-Սահակյանը հինգ ամիս ապրել կիսաբաց ռեժիմում: Այս տարի՝ մոտ մեկ ամիս: Վերջին անգամ նրան փետրվարի կեսերին տեղափոխեցին կիսաբաց ռեժիմ, ապա, ընդամենը մեկ ամիս անց՝ մարտի 13-ին, կրկին հետ տարան «Նուբարաշեն» ՔԿՀ:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: