Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանի նկատմամբ դեռևս քրեական գործ չի հարուցվել

276

Ապրիլի 26-ին  Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում 28-ամյա հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանի նկատմամբ դեռևս քրեական գործ չի հարուցվել․

«Նա ձերբակալված է։ Այսօր ժամը 21։30-ին 72 ժամը կլրանա և ամենայն հավանականությամբ մեղադրանք կառաջադրվի»,-Forrights.am-ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան ուղեկցել էր վարչապետի ավտոշարասյունը։ Դեպքից հետո, սակայն, տեսախցիկների ֆիքսած կադրերում երևում է, թե ինչպես է վերջինս անտարբեր անցնում վրաերթի ենթարկված և օգնության կարիք ունեցող հղի կնոջ կողքով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը դեպքի հաջորդ օրը դրա վերաբերյալ տեղեկություններ հայտնեց՝ փորձելով պատասխանել թեմայի վերաբերյալ հանրային հարցադրումներին։

Ըստ գրառման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր նկատել վրաերթը, այդ իսկ պատճառով էլ ավտոշարասյունը կանգ չի առել, իսկ երբ տեսել է գետնին ընկած կնոջը, հրահանգել է շտապօգնություն կանչել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել:

«Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին»,- նշված է Չախոյանի գրառման մեջ։

Նա պատասխանել է նաև համացանցում տարածված հարցադրմանը, թե ինչու ՃՈ աշխատողները չեն կանգնել օգնություն ցուցաբերելու համար․

«ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն: Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»:

Հելսինկյան ասոցացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարծում է՝ փորձելու են քնեցնել այս գործը, ինչպես ոստիկանների մասնակցությամբ այլ գործեր․

«Հանրությունը հիմա խիստ վրդովված է, և ընդունված տարբերակ է, երբ հանրությունը պատասխանատվության ենթարկելու պահանջ է ներկայացնում, բայց իշխանությունները, իրավապահ մարմինները կարողանում են մանիպուլացիա կիրառել․ քրեական գործ են հարուցում, կալանավորում ՝ կարճ ժամանակով, ու հետո այդ խնդիրները լռեցվում, քնեցվում են ուղղակի։ Հասարակությունը սկսում է մոռանալ, և վերջում, ամենայն հավանականությամբ, գուզե ունենանք նաև գործի կարճում։ Դրա մասին հուշում են վերջին տարիներին գրեթե բոլոր գործընթացները»,-մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Չախոյանը նաև հայտնել է, որ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել նրան և նրա ընտանիքի անդամներին, ցավ ու ափսոսանք հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն:

Սոնա Մնացականյանը Արցախում «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր։ Նա աշխատում էր Support Our Heroes – Armenia» կազմակերպությունում: